«Մենք մի շարք ծրագրեր ենք իրականացնում՝ ուղղված ժամանակակից, եկամտաբեր և արդյունաբերական գյուղատնտեսության ստեղծմանը». Կ. Կարապետյան

15:35 • 22.01.18

Գյուղատնտեսության ոլորտը Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում է։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում։


«Գյուղատնտեսության ոլորտը մեր կառավարության ուշադրության կենտրոնում է, և մենք իրականացնում ենք մի շարք ծրագրեր՝ ուղղված ժամանակակից, եկամտաբեր և արդյունաբերական գյուղատնտեսության ստեղծմանը. դա և՛ նոր ինտենսիվ այգիների ու ջերմոցների ստեղծումն է, և՛ նոր կաթիլային ոռոգման համակարգին անցումը, և՛ գյուղտեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրերը, և՛ շատ մատչելի պայմաններով վարկերը, և՛ հակակարկտային պաշտպանության նոր համակարգը, որը պետք է աստիճանաբար ներառի հանրապետության ամբողջ տարածքը: Բնականաբար, այս ամենը չի կարող չանդրադառնալ նաև Ռուսաստան մեր գյուղատնտեսական արտադրանքի արտահանման վրա, որը դինամիկ աճում է»,- ասել է վարչապետը:


Խոսելով այդ ոլորտում առկա խնդիրների մասին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ դրանք հիմնականում կապված են Վերին Լարսում լոգիստիկայի հետ:


«Ինչ վերաբերում է խնդիրներին, դրանք հիմնականում կապված են Վերին Լարսում լոգիստիկայի հետ: Դրանք հիմնականում տեխնիկական բնույթի խնդիրներ են՝ կապված եղանակային պայմանների և սեզոնային ծանրաբեռնվածության հետ: Այժմ քննարկվում են նաև լոգիստիկայի այլընտրանքային տարբերակներ»,- ասել է նա:


Կարեն Կարապետյանը նշել է, որ միաժամանակ աշխատանքներ են տարվում տարբեր ցուցահանդեսներում հայկական արտադրանքի ներկայացվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ՝ հավելելով, որ դրանք նույնպես նպաստում են արտահանման մեծացմանը և նոր շուկաներում հայտնվելուն:


Կարող եք կարդալ նաև՝

«Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար». Կարեն Կարապետյանի հարցազրույցը «ՌԻԱ Նովոստի»-ին

Այսօր Հայաստանն ունի զարգացող տնտեսություն, որն արձագանքում է աշխարհում հաճախ անկանխատեսելի փոփոխություններին. Կարեն Կարապետյանը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին