Մերձամուրյան շրջանում 2017 թվականին վերաբնակեցվածների մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ են

11:52 • 22.01.18

2017 թվականի արդյունքներով՝ Ռուսաստանի Դաշնությունում գործող կամավոր վերաբնակեցման պետական ծրագրի շրջանակում Մերձամուրյան շրջան է ժամանել 495 վերաբնակեցված անձ, հայտնում է gzt-sv.ru-ն:


Նշվում է, որ միգրացիոն ամենամեծ աճն ապահովել են Հայաստանի քաղաքացիները (վերաբնակեցվել է 141 մարդ), ինչպես նաև Ուկրաինայի (92) և Տաջիկստանի (48) քաղաքացիները:


Վերաբնակեցվածների մեծ մասը նախընտրել է ապրել քաղաքներում: Բլագովեշչենսկ է տեղափոխվել 235 մարդ, Տինդա՝ 51 մարդ, Շիմանովսկ՝ 33 մարդ:


Ինչպես հայտնել են Ամուրի մարզի արտաքին տնտեսական կապերի, զբոսաշրջության և ձեռնարկատիրության նախարարության մամուլի ծառայությունից, վերաբնակեցված անձինք զբաղված են գործունեության տարբեր ոլորտներում՝ շինարարություն, գյուղատնտեսություն, օգտակար հանածոների արդյունահանում, կրթություն, առողջապահություն, ծառայությունների տրամադրում: Նշվում է, որ վերաբնակեցվածների 71 տոկոսն աշխատունակ տարիքում է, իսկ նրանցից 73 տոկոսն արդեն աշխատանք է գտել կամ բացել է իր գործը: