Թաիլանդի շուկայում պայթյուն է տեղի ունեցել, կա 3 զոհ և շուրջ 20 տուժած (տեսանյութ)
Թաիլանդի Յալլա նահանգի համանուն վարչական կենտրոնում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մահացել է 3 մարդ, տուժել են շուրջ 20-ը, այս մասին տեղեկացնում է թաիլանդական Thai PBS հեռուստաընկերությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ պայթյունը տեղի է ունեցեկ Յալլա քաղաքի շուկայում, ըստ նախնական տվյալների՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը տեղադրված է եղել պատրաստի սննդի վաճառակետի մոտ կայանված մոտոցիկլետի մեջ: Հատկանշական է, որ տվյալ վաճառակետում վաճառվել են խոզի մսից պատրաստված ուտեստներ:
Դեպքի հետևանքով մահացել է 3 մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել առնվազն 18-ը:
Թաիլանդի՝ Մալայզիային սահմանակից հարավային այս հատվածում գործող անջատողական մահմեդական խմբավորումներից և ոչ մեկը դեռևս չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:
Նշենք, որ Թաիլանդի Յալլա, Նարաթիվաթ և Պատտանի նահանգներում մեծամասնություն են կազմում էթնիկ մալայացիները, որոնք հարում են իսլամին: Նախկինում նրանք մաս են կազմել այժմյան Թաիլանդի և Մալայզիայի միջև ընկած բուֆերային պետություն համարվող Պատտանիի սուլթանության, որն ավելի ուշ միացվել է Թաիլանդին: Այժմ այս տարածքում ապրում են ոչ միայն մահմեդականներ, այլև բուդդայականներ: Եվ, այնուամենայնիվ, տարածքը շարունակում է համարվել առավելապես բուդդայական հանդիսացող Թաիլանդի իսլամական կենտրոնը: 2004 թվականից այստեղ ակտիվացել են լայն ինքնավարության պահանջով հանդես եկող անջատողական մի շարք խմբավորումներ:










