Հայկ Կյուրեղյանին ոստիկանական բաժանմունքում ծեծի ենթարկելու գործով ներկայացված գանգատը ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել

14:28 • 23.01.18

Հայկ Կյուրեղյանին ոստիկանական բաժանմունքում ծեծի ենթարկելու գործով ներկայացված գանգատը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կյուրեղյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:

Գանգատը ՄԻԵԴ է ներկայացվել 2015թվականին փաստաբաններ Լուսինե Սահակյանի, Երվանդ Վարոսյանի և Վահե Գրիգորյանի կողմից:

«ՄԻԵԴ-ը գանգատը վարույթ է ընդունել, որով պահանջվում է ճանաչել Հայաստանի կողմից Հայկ Կյուրեղյանի՝ ՄԻԵԿ 3-րդ հոդվածով նախատեսված իրավունքների խախտման փաստը»,-ասաց Վարոսյանը:

Նշենք, որ 2014թ. հունիսի 12-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտից ոստիկանության Կենտրոնի բաժին տեղափոխելիս, ապա նաև ոստիկանության բաժնում Հայկ Կյուրեղյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ, սակայն այն կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանը դատապարտված է 9 տարվա ազատազրկման:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանը մեղավոր է ճանաչվել խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Հայկ Արմենակի Կյուրեղյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 9 տարի ժամկետով։ Նրա պատժի սկիզբը հաշվվում է 12.06.2014 թվականից։