Չինաստանում մտադիր են նոր «Չինական մեծ պարիսպ» կառուցել
Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի շուրջ նոր «Չինական մեծ պարիսպ» կկառուցվի, որի նպատակը շրջանի սահմանները պաշտպանելն է: Այս մասին հայտնում է China Daily-ն:
Նշվում է, որ վերջին մի քանի տարվա ընթացքում շրջանում հարյուրավոր մարդիկ են մահացել ինքնավար շրջանում բնակվող մահմեդական ույղուրների և Չինաստանի բնակչության 92 տոկոսը կազմող հան ազգի միջև բախումների հետևանքով:
Չինաստանի իշխանությունները Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում տեղի ունեցող դաժանությունների համար մեղադրում են մահմեդական ծայրահեղականներին և անջատողականներին, որոնցից ոմանք «կապեր ունեն երկրից դուրս տեղակայված խմբավորումների հետ»:
Սինցզյանի մարզպետ Շոհրատ Զաքիրի խոսքով՝ շրջանում միջոցներ կձեռնարկվեն «Չինական մեծ պարիսպ» կառուցելու համար:
«Մենք կանենք ամեն ինչ հասարակության անվտանգությունն ապահովելու գործում ոչ մի բացթողում չանելու և այս տարածքներում բացարձակ ապահովություն ստեղծելու համար», - ասել է Զաքիրը:










