Պաղեստինի առաջնորդը կոչ է արել ԵՄ-ին որքան հնարավոր է շուտ ճանաչել Պաղեստինը

12:33 • 23.01.18

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը կոչ է արել Եվրամիության անդամ երկրներին որքան հնարավոր է շուտ ճանաչել Պաղեստին պետությունը, գրում է РИА Новости գործակալությունը:

«Մենք հարգում ենք ԵՄ-ի դիրքորոշումը և իսկապես համարում ենք ԵՄ-ն իսկական գործընկեր և ընկեր: Այդ իսկ պատճառով կոչ ենք անում անդամ երկրներին արագ ճանաչել պաղեստինյան պետությունն ու հաստատում ենք, որ Պաղեստինի ճանաչման ու Իսրայելի հետ բանակցությունների վերականգնման հարցի միջև որևէ հակասություն չկա», - ասել է Աբբասը:

Ըստ նրա՝ նման քայլը պաղեստինցի ժողովրդին խաղաղության հաստատման հույս կներշնչի:

Աբբասը նաև շեշտել է, որ պաղեստինյան կողմը մտադիր է շարունակել կատարել Իսրայելի և այլ պետությունների հետ ստորագրված պայմանավորվածությունները:

«Միևնույն ժամանակ, կոչ ենք անում Իսրայելին խաղալ իր դերն այդ պայմանավորվածությունների կատարման հարցում: Չի կարելի պատկերացնել, որ այդ պայմանավորվածությունները կատարի միայն մի կողմը», - ասել է Պաղեստինի ղեկավարը:

Ավելի վաղ ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Պաղեստինի ճանաչումը ԵՄ օրակարգի առաջնահերթությունների թվում չէ: