Ինդոնեզիայի ափերի մոտ 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել (լուսանկարներ)

12:56 • 23.01.18

Ինդոնեզական Ճավա կղզու ափերի մոտ 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ մեջբերելով Ինդոնեզիայի օդերևութաբանության, կլիմայաբանության և երկրաֆիզիկայի ազգային վարչության տվյալները:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ ցնցումներն արձանագրվել են տեղական ժամանակով ժամը 13:34-ին, մոտ 43 կմ խորության վրա, Լեբակ շրջանում:

ԱՄՆ Օդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն՝ երկրաշարժի ուժգնությունը եղել է 6.0 մագնիտուդ:

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի բնակիչների խոսքերով՝ երկրաշարժի ժամանակ շենքերը ցնցվել են 10-20 վայրկյան՝ «առաջացնելով ահ ու սարսափ»:

Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ բնական աղետի հետևանքով լուրջ ավերածություններ ու կորուստներ չեն եղել, սակայն, անվտանգության նկատառումներից ելնելով, տարհանվել են հազարավոր բնակիչներ: