Տոկիոյում ռեկորդային քանակությամբ ձյուն է տեղացել (լուսանկարներ)
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկ օրում ավելի քան 20 սմ ձյուն է տեղացել. վերջին անգամ այս քանակությամբ ձյան տեսքով տեղումներ Տոկիոյում արձանագրվել են չորս տարի առաջ:
Ինչպես նշում է ТАСС-ը, տեղումների հետևանքով քաղաքում կաթվածահար է եղել տրանսպորտի երթևեկությունը, և մի քանի տասնյակ ՃՏՊ-ներ են տեղի ունեցել:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի գրասենյակում ճգնաժամային շտաբ է բացվել, որը զբաղվում է տեղեկությունների հավաքմամբ և վերլուծությամբ, ինչպես նաև վերահսկում առատ ձյան հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքները:
Նշվում է, որ նախօրեին Տոկիոյի Նարիտա միջազգային օդանավակայնում փակվել են թռիչքուղիները, ինչի հետևանքով չեղարկվել է մոտ 150 չվերթ: Ինքնաթիռների մեկնումները վերսկսվել են կեսգիշերին մոտ:
Դրանից բացի, Տոկիոյում և արվարձաններում մոտ 300 մարդ վնասվածքներ է ստացել ձյան տեսքով առատ տեղումների հետ կապված տարբեր միջադեպերի հետևանքով:

























