Հարյուրավոր մարդիկ Ցյուրիխի փողոցներում Թրամփի այցի դեմ ցույցեր են անցկացրել (լուսանկարներ, տեսանյութ)
Հարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի փողոցներ՝ բողոքելով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով Դավոս կատարելիք այցի դեմ:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, հարյուրավոր ցուցարարներ կրել են հակակապիտալիստական կոչերով պաստառներ ու դրոշներ:
Ցուցարարները գործի են դրել հրավառելիք, իսկ ոստիկանությունը տարածքում տեղակայել է ջրցան մեքենաներ: Այնուհանդերձ՝ ցույցը խաղաղ ընթացք է ունեցել, և ջրցան մեքենաները չեն կիրառվել:
«Թրամփը սեքսիզմի, ռասիզմի, շահագործման ու կոռուպցիայի մարմնացում է»,-նշել է ցուցարարներից մեկը:
Աղբյուրը հավելում է, որ ԱՄՆ նախագահը Դավոսում ելույթ կունենա հունվարի 26-ին:
Նշվում է, որ համաժողովը պաշտոնապես մեկնարկել է հունվարի 23-ին, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով բազմաթիվ բարձրաստիճան հյուրերի այցը հետաձգվել է:
Ինչ վերաբերում է աշխարհի բազմաթիվ երկրների ղեկավարների, գործարարների, գիտնականների ու հայտնի անձանց մասնակցությամբ բուն համաժողովին, ապա դրա կազմակերպիչները հույս ունեն համաձայնության գալ այսօր միջազգային հանրությանն անհանգստացնող մի շարք խնդիրների շուրջ: Խոսքը, մասնավորապես, կլիմայական փոփոխությունների, տեխնոլոգիական առաջընթացի մարտահրավերների, գլոբալ տնտեսական կապերի մասին է:
Հետաքրքրական է, որ քննարկվելիք թեմաների թվում է սեռերի իրավահավասարությունը:
Համաժողովի կարգախոսն է՝ «Ստեղծելով ընդհանուր ապագա պառակտված աշխարհում»:


















