Սենի մակարդակը շարունակում է բարձրանալ. Փարիզում շուրջ 1500 մարդ է տարհանվել ջրհեղեղի վտանգի պատճառով
Ֆրանսիայի Իլ դե Ֆրանս մայրաքաղաքային շրջանում մոտ 1500 մարդ է տարհանվել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Փարիզի ոստիկանության պետ Միշել Դեպլուխին:
Երկրի իշխանությունները կիրակի խոշոր ջրհեղեղի զգուշացում են տվել, երբ ափերից դուրս եկած Սեն գետի մակարդակն ավելի է սկսել բարձրանալ:
Սենի ջրի մակարդակն ակտիվ կերպով սկսել է բարձրանալ կիրակի կեսօրին՝ մոտենալով այն մակարդակին, որի պարագայում ջրհեղեղ էր տեղի ունեցել 2016 թվականին:
Ինչպես արդեն հաղորդվել էր օրեր առաջ, Սենի ջրերը լցվել են փողոցներ, ինչի հետևանքով Լուվրի թանգարանն ու բանկերը փակվել են:
Նշվում է, որ Սենի վարարումը լուրջ ջրհեղեղի է հասցրել 1910-ին, երբ գետի ջրի մակարդակը բարձրացել էր 8.65 մետրով:










