ՀՀ 4–րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այցելեց «Եռաբլուր» պանթեոն և հարգանքի տուրք մատուցեց զոհվածների հիշատակին
Հայոց բանակի կազմավորման 26-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու, Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն այցելեց Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Արմեն Սարգսյանը ծաղիկներ խոնարհեց Անհայտ զինվորի հուշաքարին, սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Ավելի վաղ «Եռաբլուր» էին այցելել Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարությունները: Հայոց բանակի օրվա առիթով «Եռաբլուր» պանթեոնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին հանձնվել են հերոսներին հետմահու շնորհված պետական բարձր պարգևները:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրել է Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնի համար: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել նրա հետ:










