Տոնական միջոցառումներ, հուշանվերների ու պարգևների հանձնում Գյումրիում
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առթիվ տոնական մի շարք միջոցառումներ տեղի ունեցան Գյումրիում տեղակայված զորամասերում:
Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ տոնական համերգով N զորամասի զինվորներին ողջունեցին Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբն ու գյումրեցի անհատ կատարողները: Հայոց բանակի կազմավորման տոնի առթիվ բոլորին ողջունեցին Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը՝ Գյումրիում տեղակայված զորամասերի լավագույն զինվորներին հուշանվերներ ու պարգևներ հանձնելով:
Տոնի առթիվ պարգևներ էր պատրաստել նաև Երկրապահ կամավորական միությունը: Հայոց բանակին տոնի առթիվ շնորհավորական ուղերձ հնչեց նաև Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրամանատարության անունից:
Տոնական բարձր տրամադրությունը զգացվում էր նաև զորամասի զինվորների շրջանում, ինչը ոչ միայն տոնական համերգի ու զորամաս ժամանած հյուրերի հետ էր կապված, այլ հենց հայկական բանակում ծառայելու փաստի:
«Տրամադրությունն այսօր շատ բարձր է, ուրախ ենք, որ այսօր մեր տոնն է: Ընդհանուր առմամբ, տրամադրվածությունը հայկական բանակի նկատմամբ շատ բարձր է: Տրամադրությունը փոխվում է հենց բանակ մտնելու առաջին օրվանից, քանի որ քաղաքացիական կյանքում եղած շատ պատկերացումներ սխալ են. այս զորամասում ես դա եմ հասկացել: Կարծում եմ՝ ծառայությունից հետո տուն կվերադառնամ բոլորովին այլ մարդ դարձած: Արդեն այս զորամասում ձեռք եմ բերել ոչ միայն զինվորին վայել կեցվածք եւ պատրաստականություն, այլ նաեւ ընկերներ»,-«Արմենպրեսին» փաստեցին ժամկետային ծառայողները:
Օրվա խորհրդով պայմանավորված՝ զորամասի լավագույն զինվորները խրախուսվեցին: Բոլորին սպասում էր նաև տոնական ճաշ:










