Այսօր առաջվա բանակը չէ, այսօր մենք լիարժեք պատրաստ ենք բոլոր տեսակի մարտահրավերներին. Կորյուն Ղումաշյան
«Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Կորյուն Ղումաշյանն այսօր, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում շնորհավորելով բանակի տոնը, նշեց, որ փառք ու պատիվ բոլոր մեր տղաներին, ովքեր հանուն մեր պետության իրենց կյանքը չխնայեցին:
«Այսօր առաջվա բանակը չէ, այսօր մենք լիարժեք պատրաստ ենք բոլոր տեսակի մարտահրավերների, ես համոզված եմ ասում դա»,-ասաց նա։
Նա նշեց, որ ժամանակակից տեխնոլոգիաներով սպառազինումը քայլ առ քայլ իրականություն է դառնում և նշեց, որ Ադրբեջանի վերջին դիվերսիոն փորձը մերոնք հեշտությամբ կանխեցին:
Անդրադառնալով Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին՝ նա նշեց, որ նոր մատակարարվող խմբաքանակը բավականի լուրջ զենք է, և դա ռազմավարական դաշնակցի քայլ չէ:
«Մենք պետք է զգոն լինենք, չհավատանք ոչ մեկին: Այսօր մեր դաշնակիցը մենք ենք ու մեր զինվորը, ուրիշ դաշնակից գտնել չենք կարող: Ես չեմ հավատում ոչ մի դաշնակից երկրի: Մենք մեր երկիրը շրջափակված է ընդհանրապես թշնամիներով, բոլոր հարևանները ինձ համար թշնամիներ են, բոլորը իրենց խաղերը տալիս են իրենց շահերից ելնելով. Հայաստանի շահը ոչ մեկին հետաքրքիր չէ, մեր շահի մասին միայն մենք պիտի մտածենք»,-ասաց նա:










