«Տարկետում լինելու է» շարժումը` կառավարության վերջին նախաձեռնությունից հետո. շարժման անդամները քննարկեցին առաջարկված լուծումները

13:29 • 29.01.18

Կառավարության՝ տարկետման իրավունքի վերաբերյալ լուծումներից հետո էլ «Տարկետում լինելու է» շարժումն ունի բազմաթիվ մտահոգություններ և դրանցից հիմնականն այն հանձնաժողովին է վերաբերում, որը պետք է որոշի՝ համապատասխանո՞ւմ են արդյոք տարկետման իրավունքին դրա համար դիմած ուսանողները, թե ոչ:


Այս մասին ««Տարկետում լինելու է» շարժումը կառավարության վերջին նախաձեռնությունից հետո» թեմայով քննարկմանն այսօր հայտարարեց շարժման ղեկավարներից Դավիթ Պետրոսյանը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, թե ինչի մասին էին իրենց պահանջները և արդյոք կառավարության առաջարկած լուծումներն իրենց բավարարում են, իսկ եթե ոչ, ապա ինչ քայլեր են ձեռնարկելու:


Նշենք, որ քննարկման գաղափարը ծնվել է օրերս` ՄԱՀԻ դպրոցի շրջանավարտների կազմակերպած երկրորդ երիտասարդական ֆորումի ժամանակ:


Քննարկման կազմակերպիչ, քաղաքագետ Ստյոպա Սարֆարյանը ` որպես նախաբան, ներկայացրեց. «Եթե հարաբերական անդորր էր տիրում դեկտեմբեր-հունվար ամիսներին, ապա ոչ ամենևին այն պատճառով, որ շարժումը մարել էր կամ անցել ընդհատակ, պարզապես երիտասարդությունը սպասում էր կառավարության խոստացած լուծումներին: Եվ այժմ, երբ դրանք արդեն կան, թերևս, ժամանակն է հասկանալու, թե ինչպես են դիրքավորվում վերջին շրջանի ամենապատրաստված քաղաքացիական  շարժումների ակտիվիստները»:


Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ կառավարությունը որոշում ընդունեց՝սահմանելով, որ պետք է լինի 100 բալանոց համակարգ, որ պետք է ունենա որոշակի չափանիշներ, որոնք էլ պետք է ունենան որոշակի միավոր և պետք է լինի հանձնաժողով, որն էլ կորոշի՝ որ ուսանողն է համապատասխանում այդ չափանիշներին:


Նշենք, որ շարժումն իր քայլերը սկսել էր 2017 –-ի հոկտեմբերին, երբ ուսանողները  ՀՀ կրթության և գիտության ու պաշտպանության նախարարներին ուղարկեցին բաց նամակներ՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով «Զինվորական ծառայության և զինվորի կարգավիճակի մասին» օրենքում կատարված փոփոխություններին, որոնք վերաբերում են տարկետման իրավունքին:


Առաջին և հիմնական  մտահոգությունն այն էր, որ խախտվում էր կրթության անընդհատության սկզբունքը և դա բացասաբար էր անդրադառնալու ուսանողների կրթական պրոցեսի վրա: Երեք ամիս տևած և ամենալայն քննարկման արժանացած այս գործընթացի ընթացքում եղան դասադուլներ, հանդիպումներ` այդ թվում պաշտպանության, կրթության նախարարների ու վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Ապա` եղավ կլոր սեղան, որի նպատակը երկու կողմերի պահանջների համար փոխզիջումային տարբերակի փնտրտուքն էր:


«Եթե կառավարությունը մտածում էր, որ հանճարեղ, բացառիկ ուսանողներին պետք է տրվի տարկետման իրավունքը, մենք դրան կտրուկ դեմ էինք, և նշում էինք, որ մարդկանց պետք է հնարավորություն  տրվի, որ նրանք լինեն այդ հանճարեղները կամ բացառիկները: Իհարկե, այդ բացառիկների ու հանճարեղների համար չափանիշներ այդպես էլ չբերվեցին: Ու մենք մեր մասնակցությունը հայտնեցինք՝ մասնակցելու մի օրենքի ձևավորման, որն ի սկզբանե այնքան թույլ հիմքեր ուներ, որ դրա վրա ինչ էլ կառուցվեր, միևնույն է, բարդ էր լինելու կանգնեցնել այն բացասական հետևանքները, որոնք, երիտասարդների գնահատմամբ, իր հետ բերելու է օրենքը»,-ասաց Դավիթ Պետրոսյանը:


Ըստ վերջինիս՝ թեև այդ 100 բալանոց համակարգի գաղափարն առաջարկվել է  համալսարանի բնագիտական թևի ուսանողներից մեկի կողմից, բայց այն չի առաջարկվել որպես վերջնական տարբերակ, այլ այլընտրանք, որի շուրջ հնարավոր էր մտածել:


Իսկ այդ 100 բալանոց համակարգն ամբողջացնելու համար ընտրված չափանիշների թվում են գիտական հոդվածները, գիտաժողովներին մասնակցությունը, թեև շատ գիտնականներ ու դասախոսներ դրանց դեմ են՝ նշելով, որ դա մասնագիտական վերաբերմունք չէ և որ դրանցով հնարավոր չի բացահայտել ուսանողի գիտական պոտենցիալը:


Եվ ամենակարևոր պրոբլեմը հանձնաժողովին է վերաբերում, քանի որ Դավիթ Պետրոսյանը նշեց, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ հասարակության ներսում պետական կառավարման համակարգերի  ու ներկայացուցիչների նկատմամբ կա վստահության  ոչ բարձր մակարդակ:


«Եվ  այն մտավախությունը կա, որ եթե անգամ շատ լավ օրենք ձևավորվի, դա վճռական չի լինելու, քանի որ վերջում որոշումը կայացնելու է հանձնաժողովը և դա չի ենթադրում, որ այն բավարարելու է»,-նկատեց բանախոսը` հավելելով, որ առաջարկվում է`այդ հանձնաժողովում չլինեն ներկայացուցիչներ միայն Կրթության ու գիտութան և Պաշտպանության նախարարություններից, այլ լինեն նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Ըստ որում` կազմը լինի փոփոխվող և կապ հաստատվի ուսանողի հետ, միայն գրավոր ներկայացված նյութեր չլինեն:


Բացի դրանից`երիտասարդները լուրջ մտավախություն ունեն, թե ինչպես է որոշվելու, որոնք են այն  մասնագիտությունները, որ պահանջում են ուսման անընդհատություն: Միակ լուծումը հանրային քննարկման միջոցով այդ մասնագիտությունների ընտրությունն է: