ՌԴ-ում Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման ժամանակ հնարավոր է տեղադրվեն կեղծ բանկոմատներ՝ զգուշացում երկրի ԿԲ-ից

13:28 • 29.01.18

Ռուսաստանում Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման ժամանակ հնարավոր է տեղադրվեն կեղծ բանկոմատներ այն քաղաքներում, որտեղ անցկացվելու են ֆուտբոլային հանդիպումները: Այդ մասին գրում է «Коммерсантъ»-ը:


ՌԴ կենտրոնական բանկը քաղաքացիների և բանկերի համար խորհուրդներ է հրապարակել «որպես նախազգուշական միջոց 2018 թականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման ժամանակ»: Դրանք, սակայն, հաշվի չեն առնում բոլոր վտանգները, նշել են իրավապահ մարմիններում լրատվամիջոցի զրուցակիցները: Նրանց խոսքերով՝ խնդիր կարող է դառնալ կեղծ բանկոմատների տեղադրումը տեղական բանկերին անծանոթ զբոսաշրջիկների զանգվածային հոսքի ժամանակ:


Զբոսաշրջիկների համար դժվար կլինի տարբերել կեղծ բանկոմատն իրականից, նշել է զրուցակիցներից մեկը:


Կեղծ սարքը կարող է նմանակել հայտնի բանկերի բանկոմատները: Երբ հաճախորդը բանկոմատը մտցնի իր քարտը և մուտքագրի գաղտնագիրը, էկրանի վրա կհայտնվի սպասարկումը մերժելու մասին հաղորդագրություն, իսկ հանցագործները կստանան քարտի բոլոր տվյալները:


«Կենտրոնական բանկը խորհուրդ է տալիս օգտագործել անվտանգ վայրերում՝ պետական հաստատություններում, բանկերի ստորաբաժանումներում, խոշոր առևտրային համալիրներում, հյուրանոցներում, օդանավակայաններում տեղադրված բանկոմատները»,- նշում է լրատվամիջոցը:


Բայդ դա նույնպես ամբողջովին չի երաշխավորում անվտանգություն:


Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում անցկացվելու է հունիսի 14-ից հուլիսի 15-ը: