Հիլարի Քլինթոնն ու մյուս աստղերը «Գրեմմի-2018»-ի համար հատվածներ են ընթերցել Թրամփի մասին սկանդալային գրքից (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը յուրահատուկ մասնակցություն է ունեցել հունվարի 28-ին Նյու Յորքում կայացած «Գրեմմի-2018» երաժշտական մրցանակաբաշխությանը՝ հատված ընթերցելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին սկանդալային գրքից:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Քլինթոնից զատ՝ գրքից հատվածներ են ընթերցել տարբեր աստղեր՝ այդ թվում նաև Սնուփ Դոգը, Ջոն Լեջենդը, Շերն ու Քարդի Բին:
«Գրեմմի-2018»-ի հաղորդավար Ջեյմս Քորդենը որոշել է զավեշտալի սքեթչ նկարահանել՝ առաջարկելով աստղերին ընթերցել Մայքլ Վուլֆի «Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տան ներսում» գրքից հատվածներ՝ որոշելու համար, թե ով կարող է մրցանակի արժանանալ ամենատպավորիչ ընթերցանության համար: Արդյունքում «հաղթել» է Քլինթոնը:
Հայտնի է, որ Թրամփը դեռևս չի արձագանքել սրան, սակայն նրա որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը նշել է, որ «Գրեմմի»-ի մտածածն ամենևին էլ ծիծաղելի չէր:
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին նշել է, որ սքեթչն իրեն զայրացրել է:
«Ես միշտ էլ սիրել եմ «Գրեմմի»-ն, բայց այն, որ արտիստները սկսեցին ընթերցել «Կրակ և ցասում» գիրքը, ամեն ինչ փչացրեց: Մի՛ փչացրեք մեծ երաժշտությունն աղբով: Ոմանք երաժշտությունը սիրում են առանց դրան խառնած քաղաքականության»,-գրել է Հեյլին:














