Թրամփը հայտարարել է, որ Brexit-ից հետո ԱՄՆ-ն կդառնա Մեծ Բրիտանիայի «մեծ» առևտրային գործընկերը

10:45 • 29.01.18

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալուց հետո ԱՄՆ-ն կդառնա նրանց «մեծ» գործընկերն առևտրի ոլորտում, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:

«Մենք գիտենք, որ դուք սահմանափակված եք երկու տարի ժամկետով (նկատի ունի մինչև 2019 թվականի մարտին ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալը)… Սակայն մենք կկնքենք համաձայնագիր Մեծ Բրիտանիայի հետ: Մենք կլինենք ձեզ համար մեծագույն առևտրային գործընկերը», - ասել է Թրամփը բրիտանացի հաղորդավար Փիրս Մորգանի հետ զրույցում:

Նախօրեին Թրամփը խոստովանել էր, որ իրենք լուրջ խնդիրներ ունեն ԵՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառության իրականացման հարցում: Նա նշել էր, որ ամերիկյան ապրանքը մեծ դժվարությամբ է հասնում եվրոպական շուկա և դա այն դեպքում, երբ եվրոպական ապրանքները հեշտությամբ ներթափանցում են ամերիկյան շուկա և նույնիսկ մի շարք արտոնություններ ունեն:

ԱՄՆ նախագահը խոսել էր նաև Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու բանակցությունների մասին և նշել, որ ըստ իրեն՝ բրիտանական կողմը շատ մեղմ է իրեն դրսևորում, նրանց փոխարեն ինքն ավելի կոշտ քաղաքականություն կվարեր: