Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին բաց են թողել ոստիկանությունից

10:39 • 29.01.18

Ռուսաստանի իրավապահներն ազատ են արձակել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին Ներքին գործերի բաժնից: Այդ մասին «Интерфакс»-ին հայտնել է նրա փաստաբան Օլգա Միխայլովան:


Փաստաբանը հայտնել է, որ Նավալնին ազատ է արձակվել՝ ներկայանալու պարտավորությամբ: Նրա խոսքով՝ քաղաքական գործչի նկատմամբ վարչական իրավախախտման մասին արձանագրությունը հնարավոր է կազմվի ավելի ուշ:


Ավելի ուշ ինքը՝ Նավալնին, իր Twitter-ի էջում հայտնել է, որ իրեն «ազատ են արձակել մինչև դատը»:


Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին  ձերբակալվել է երեկ Մոսկվայում հանրահավաքի ժամանակ: Իրավապահ մարմինների աշխատակիցները Նավալնիին ձերբակալել են Տվերսկայա հրապարակում: Նրա կազմակերպած «Ընտրողների գործադուլ» ակցիան հավաքել էր մի քանի հազար մասնակից։ Իշխանությունների կողմից չարտոնված ակցիաներ են հայտարարվել Ռուսաստանի ավելի քան 100 քաղաքում: 


Կիրակի առավոտյան Մոսկվայի ոստիկանությունը ներխուժել էր Նավալնիի հիմնած «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» գրասենյակ` հայտարարելով, որ ոստիկանությունը տեղեկություն ունի տարածքում ռումբի տեղադրման մասին:


Նշենք, որ Ալեքսեյ Նավալնին հայտարարել է «Ընտրողների գործադուլ» ակցիան ի պատասխան ԿԸՀ-ի մերժմանը՝ թույլ տալ նրան մասնակցել նախագահական ընտրություններին: Նրան մերժել են գրանցել որպես նախագահի թեկնածու՝ դատվածության ժամկետը չլրանալու պատճառով:


Հիշեցնենք, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունները կայանալու են մարտի 18-ին: