Ռուսական տնտեսությունից 30 տարվա ընթացքում դուրս է բերվել ավելի քան 1 տրիլիոն դոլար. Պուտինի խորհրդական

16:35 • 29.01.18

Ռուսական տնտեսությունից վերջին 30 տարվա ընթացքում դուրս է բերվել ավելի քան 1 տրիլիոն դոլար: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը Մոսկվայում անցկացվող World Blockchain and Cryptocurrency Summit-ի շրջանակում, հայտնում է news.mail.ru-ն:


«Գիտեք, Ռուսաստանն աշխարհում ամենահարուստ երկիրն է: Մենք 30 տարվա ընթացքում համաշխարհային ֆինանսական համակարգին ենք նվիրել ավելի քան 1 տրիլիոն դոլար, որոնք դուրս են եկել Ռուսաստանից: Մենք, անկեղծ ասած, լավ չգիտենք, թե որտեղ են դրանք, մենք գիտենք, որ մոտ կես տրիլիոն դոլար շրջանառվում է օֆշորների և ռուսական տնտեսության միջև: Շրջանառությունն ամեն տարի կազմում է մոտ հարյուր միլիարդավոր դոլարներ: Իսկ տրիլիոնի երկրորդ կեսն ընդհանրապես անհետացել է անհայտ ուղղությամբ: Դա, իհարկե, անհանգստացնում է հարկային ծառայություններին: Ստացվում է, որ ինչքան շատ է երկրից գումար դուրս գալիս, այնքան ավելի է մեծանում հարկային բեռը երկրում մնացողների վրա: Դա արդար չէ»,- ասել է նա:


Գլազևի խոսքով՝ թվային գումարների հայտնվելը թույլ կտա ամբողջությամբ հետևել դրամական հոսքերին: