15-20 տոկոս կաթի ծավալի նվազումը հանգեցրել է  պանրի գնի 15- 20 տոկոս թանկացման, ինչը նորմալ է. Ա.Գիգոյան

21:31 • 01.02.18

Հայաստանում կաթի արտադրության և կաթի վերամշակման միջև եղած տարբերությունը բավականին ակնառու է, Tert.am-ի հետ զրույցում ասաց Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը:  

Նա նշեց, որ հումքի, տվյալ դեպքում կաթի  արտադրության կազմակերպման աշխատանքների բացակայությունը  այսօր էլ շարունակում է խնդիր մնալ և դեռ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ ոչինչ չի ձեռնարկվել այս ուղղությամբ:

«Կաթի վերամշակումն ավելի առաջ է գնացել, քան կաթի արտադրությունը: Կաթի արտադրությունը, կարելի է ասել, չի էլ գնացել առաջ: Հայաստանում կաթ վերամշակողները ավելի զարգացած են տեխնիկապես, քան կաթ արտադրողները, իսկ այդ եղած տարբերությունը արտահայտվում է, բնականաբար, ցանկացած թեթև ցնցումների ժամանակ, մենք անմիջապես ունենում ենք հումքի, այսինքն` կաթի դեֆիցիտ, կաթի քանակի խնդիր»,-ասաց Գիգոյանը:

Կաթի արտադրության կազմակերպման աշխատանքները բավականին ծավալուն են և ունեն հղկման անհրաժեշտություն ՝սկսած օրենսդրական կարգավորումներից և վերջացրած կազմակերպչական ֆինանսական խնդիրներով:

«Հիմա Հայաստանում ինչպե՞ս է. հասարակ գյուղացի անասնապահին ասում են ֆերմեր, որը կոռեկտ չէ: Ֆերմերը իր մեջ ներառում է կաթի արտադրության համար անհրաժեշտ համալիր բաղադրիչների կենտրոնացում, տարածք` պահման համար, կթման համար անհրաժեշտ սարքավորումներ, մասնագիտացված աշխատանքներ ունեցող: Դա լուրջ գործ է, իսկ Հայաստանը դրա կարիքը ունի: Այստեղ  բացը մեծ է »,-ասաց Գիգոյանը:

Նրա կարծիքով կաթի արտադրության ինստիտուտի ձևավորման համար հստակ քայլեր պետք է արվեն:

«Մի ժամանակ գյուղնախարարությունը շատ փոքրիկ, թեմատիկ միջոցառումներ փորձեց անել, ցեղային անասուններ բերվեցին, որն արդյունք չտվեց, և բնականաբար արդյունք չէր էլ տալու, որովհետև ինքը բերում էր և բաշխում էր գյուղացիներին: Այսինքն` համատարած մասսայի մեջ նմանատիպ միջամտություն անելով չես կարող ունենալ որևէ արդյունք, իսկ ֆերմայի ձևավորումը արդեն պլատֆորմ  է՝դու պետք է այդ պլատֆորմն ստեղծես, նոր այդ պլատֆորմի վրա սկսես միջամտություններ իրականացնել, ծրագրեր իրականացնել»,-ասաց նա:

Գիգոյանի խոսքով նմանատիպ պլատֆորմի բացակայությունն է բնակլիմայական պայմաններից կախվածության պատճառը:

«Եթե մեծ ֆերմաներ ես ունենում,  քանակով շատ և ճիշտ ձևավորված, որտեղ անասնագլխաքանակը շատ է, բնակլիմայական տատանումները շատ քիչ ազդեցություն են ունենում, իսկ նման պայմաններում փոքր երաշտ է լինում, միանգամից կաթի քանակը իջնում է»,-ասաց նա:

Անդրադառնալով պանրի գներին, Գիգոյանը նշեց, որ շուկայում պանրի գինն արդեն իսկ ինքնակարգավորվել է կաթի դեֆիցիտի չափաբաժնին համարժեք:

«Քանի որ անցած տարի գարունն ուշ սկսեց և ամռան վերջին ամիսն էլ բավական շոգ էր, չորացումները շատ էին, կաթը ծավալով համեմատաբար քիչ էր՝ 15-20 տոկոս, 15- 20 տոկոս էլ պանրի գինն է թանկացել: Գինը ինքնակարգավորվել է, դա նորմալ է, ցանկացած երկրում էլ դա նորմալ է»,-ասաց նա: