Տեռորի՛ստ Էրդողան. Հայաստանում քրդական համայնքը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ցույց անցկացրեց (տեսանյութ)
Հայաստանում քրդական համայնքն այսօր ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ցույց անցկացրեց ՝ պահանջելով միջազգային հանրությանը կանխել այս օրերին Թուրքիայում իրենց հայրենակիցների նկատմամբ իրականացնող բռնությունները:
Հիշեցնենք, որ Թուրքիան քրդերի դեմ ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի Աֆրին շրջանում:
«Տեռորի՛ստ Էրդողան» վանկարկումներով նրանք պահանջում էին ՄԱԿ-ից և գերտերություններից չլռել՝ այդկերպ նպաստելով Թուրքիայի ագրեսիային:
Քրդական համայնքը ներկայացնող Կնյազ Հասանովը հայտարարեց, թե թուրքական զինված ուժերն ինքնաթիռներով ռմբակոծում են Աֆրին քաղաքը և նրա շրջակա գյուղերի խաղաղ բնակչությանը՝ արգելված զինատեսակներով: «Այդ հարձակումը կատարվում է ռուսական կողմի համաձայնությամբ, ՆԱՏՕ-ի ԶՈւ-ի զինամթերքով և ՄԱԿ-ի լռությամբ, որը նպաստում է տեղի խաղաղ բնակչության ոչնչացմանը»,-ասաց նա:
Ցույցի մասնակիցներին մոտեցավ և նրանց բողոքը լսեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի անվտանգության խորհրդատու Ինոք Փեննի-Լարյին, ում փոխանցեցին բողոք-նամակ՝ ուղղված ՄԱԿ-ի գրասենյակին: Ինոք Փեննի-Լարյին տեղեկացրեց, որ գրասենյակի համակարգող Բրեդլի Բուզետտոն տեղում չէ և ինքն, անպայման, կփոխանցի նամակը:
«Քուրդիստան» կոմիտեի փոխնախագահ Ժենյա Ամիրյանը նշեց, որ իր ազգն այսօր նեղության մեջ է: «Աշխարհի գերտերությունները պետք է արձագանքեն անպայման, քանի որ բռնության է ենթարկվում այն ազգը, որը պետականություն չունի և 100 տարի գտնվում է թուրքական իշխանությունների լծի տակ: Չպետք է մոռանանք, որ քուրդ և եզդի ժողովուրդը 2014թ-ին Սիրիայում քրդական զինված ուժերի կողմից «ԻՊ» կոչվող ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում մեծ դեր խաղացին և հաղթանակներ տարան, որը արժանացավ միջազգային հանրությանը հավանությանը: Եվ հիմա Թուրքիայի գործողությունները քրդերի դեմ ցույց է տալիս, որ ահաբեկիչների հետևում կանգնած է թուրքական պետությունը»,-ասաց նա:










