Անորակ պրոթեզներ չեն տրամադրվի, մրցույթում հաղթող կազմակերպությունը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին. Ա. Կեսոյան
Հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզների տրամադրման համար հայտարարված մրցույթի արդյունքները դեռևս ամփոփված չեն, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը:
Նշենք, որ երեկ Կառավարության շենքի դիմաց հավաքվել էին հաշմանդամություն ունեցող անձինք և բողոքում էին, որ պրոթեզավորման իրավունքը տարիներ շարունակ այդ գործն իրականացրած կազմակերպությունից փոխանցվել է մեկ այլ կազմակերպության, որն ըստ նրանց չինական ու անորակ պրոթեզներ է օգտագործում:
«Ոչ մեկը ոչ մեկին չի զրկել որևիցե իրավունքներից: Սա բացարձակապես գնումների մասին օրենքով իրականացված մրցույթ է: Մրցույթի արդյունքում տրված են համապատասխան գնային առաջարկները: Եվ ըստ օրենքի՝ որ կազմակերպությունն ավելի էժան է տալիս, այդ կազմակերպությունը համարվում է հաղթող: Առայժմ հաղթողը որոշված չէ»,-ասաց նա:
Արթուր Կեսոյանը Tert.am-ին հավաստիացրեց, որ հայտարարված մրցույթի արդյունքում է միայն որոշվելու հաղթող կազմակերպությունը և այն պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին, ինչը ենթադրում է, որ անորակ պրոթեզներ չեն տրամադրվի:
«Մենք այս տարի ներդրում ենք ISO միջազգային ստանդարտը, որը քննարկել ենք ստանդարտացման ազգային ինստիտուտի հետ և այդ ստանդարտը կիրառելով մենք պայման ենք դրել, որ ամփոփելուց հետո այն դետալները, որից պատրաստվում են պրոթեզները, պետք է ունենան համապատասխան սերտիֆիկատներ յուրաքանչյուրի համար առանձին կազմակերպությունը պետք է ներկայացնի, նոր դրանից հետո որոշումը կկայացավի արդեն»,- ասաց Կեսոյանը:
«Ինտերօրթո» պրոթեզավորման գերմանական կենտրոնը, Կեսոյանի խոսքով չի փակվել, իսկ «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն հաղթել է մրցույթի նախնական փուլում:
Tert.am-ի դիտարկմանը, թե այդ դեպքում որտեղից է եկել հաշմանդամություն ունեցող անձանց մտավախությունը, Կեսոյանն արձագանքեց.«Մտավախությունը ծագել էր նրանից, որ նախնական արդյունքներով մրցույթի այն պարագաները, որը նախկինում պատրաստել էր մեկ կազմակերպությունը, հիմա հաղթող է ճանաչվել մյուս կազմակերպությունը: Եվ սրանից մտավախություն կար, որ տվյալ կազմակերպությունն այլևս չի գործելու մասնագետները դուրս են մնալու, գնալու են հանրապետությունից: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ նման բան չկա: Կազմակերպությունը աշխատելու է, նրանց որակյալ մասնագետները աշխատելու են, և ես խնդիր չեմ տեսնում: Այս ամենը մի քանի օրից լրիվ կընկնի իր տեղը»:
Նա նշեց, որ փետրվարի 6-ին հայտարարված մրցույթի ամփոփման օրն է, դրանից հետո, ամենայն հավանականությամբ, երեք օրվա ժամկետում կորոշվի հաղթողը:
Արթուր Կեսոյանի խոսքով՝ իրենք պայմանավորվել են, որպեսզի մրցույթի ամփոփմանը ներկա լինեն նաև բողոքող հաշմանդամություն ունեցող անձանցից մի քանիսը իրենց իսկ առաջարկով և հետևեն վերջնական արդյունքների ամփոփման ընթացքին:










