ՀՀ–ում նվազում է ռուսական ազդեցությունը, փոխարենը մեծանում է Եվրամիության ազդեցությունը. Ազատ Արշակյան
Կառավարման համակարգում կատարվող փոփոխությունների տրամաբանությունը և նպատակահարմարությունը ես չեմ տեսնում, քանի որ դա Հայաստանի համար չի արվում, կարճ ասած՝ այլ ձևով եմ տեսնում բարեփոխումներ: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը՝ անդրադառնալով առաջին փոխվարչապետի պաշտոնի ստեղծման նախաձեռնությանը:
«ԵԱՏՄ-ում կան 7-8 մլն բյուրոկրատներ, ու նրանք նաև իրենց արբանյակների համար կառավարման համակարգ են մշակում: Բայց, քանի որ իրենք ծույլ են, օրինակ՝ վերցրել են Չեչնիայի, Թաթարստանի կամ Մորդովայի կառավարման համակարգը և փոփոխության են ենթարկում՝ անուն–ազգանուն են փոխում, Սարանսկի փոխարեն գրում են Երևան, ու դա պարտադրում են մեզ: Այսինքն՝ հիմա մեզ մոտ արվող փոփոխություններից ո՛չ Կարեն Կարապետյանն է տեղյակ, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ էլ Արա Բաբլոյանը: Այդ ցուցումները գալու են կամ արդեն եկել, ու մեզ ասում են, որ դուք պետք է ունենաք փոխվարչապետ և վերջ»,- ասաց Ազատ Արշակյանը:
Նրա գնահատմամբ՝ նույն տրամաբանությամբ կատարվել են նաև սահմանադրական փոփոխությունները, որովհետև մեկ կենտրոն է թելադրում, թե ինչպես պետք է լինի.«Ցարը ասել էր, որ մի նախագահ կա, քանի՞ նախագահ պիտի լինի: Ցարը հարցադրում էր անում՝ ավտոնոմ մարզն ինչո՞ւ պետք է նախագահ ունենա: Մենք էլ էինք հոգնել, ախր, ինչքան կարելի է մի հոգու ասել՝ հեռացեք, հիմա պիտի ասենք՝ բոլորդ հեռացեք: Եվրոպացիներն էլ իրենց ծրագրով էին ասում, որ պետք է փոխեք, չէ՞ որ Եվրոպայի գլխավոր պետությունները նախագահ չունեն, կարծում եմ՝ շուտով Ֆրանսիան էլ կառավարման ձևը կփոխի»,-շարունակեց նա:
Հարցին՝ հաշվի առնելով, որ արդեն իսկ ՀՀ-ԵՄ համագործակցության համաձայնագիր կա, ի՞նչ եք կարծում՝ Կառավարության ձևավորման վրա ո՞ր աշխարհաքաղաքական կենտրոնն ավելի մեծ ազդեցություն կունենա, քաղաքական-հասարակական գործիչը պատասխանեց, թե Հայաստանում աստիճանաբար նվազում է ռուսական ազդեցությունը, և կառավարման վրա ավելանում է Եվրամիության ազդեցությունը:
«Հիմա Ռուսաստանի, Ղրղզստանի ու Բելառուսի ազդեցությունն է շատ մեծ Հայաստանի վրա, հետագայում կամաց-կամաց փոխվելու է դեպի Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա: Նրանց ազդեցությունը կարող է լինել ապրիլից հետո ձևավորվելիք կառավարության վրա: Եվրամիության, Միացյալ Նահանգների տեսակարար կշիռը մեծանում է Հայաստանի վրա»,- ընդգծեց Արշակյանը:
Գերագույն խորհրդի պատգամավորը նկատեց, որ հիմա ԱՄՆ պատժամիջոցները Ռուսաստանի վրա մեծանում են, ինչի արդյունքում, ըստ նրա, Ռուսաստանը կսկսի ինքն իրենով ավելի շատ զբաղվել:
«Մի քիչ հետ կքաշվի իր իմպերիալիստական ծրագրից: Պուտինի ռեժիմը Հայաստանում թուլանում է, դա ակնհայտ է. ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի հարցուպատասխանը պատգամավորների հետ դրա վառ վկայությունն էր: Նա բավական ազատ էր խոսում, նաև ռուսերեն չէր խոսում»,- եզրափակեց Ազատ Արշակյանը:










