Քաղցկեղով հիվանդացության մակարդակը նվազել է՝ շնորհիվ վաղ փուլում հիվանդության հայտնաբերման. Խաչանուշ Հակոբյան (տեսանյութ)

14:09 • 02.02.18

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Մասնագետները կրկին հայտարարում են, որ պետք չէ սպասել, որ գանգատ լինի, նոր այցելեն բժշկի, պետք է ամեն տարի անցնել պրոֆիլակտիկ հետազոտություններ:

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանն այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց, որ այս տարի իրենց կենտրոնի ցուցանիշներով քաղցկեղով հիվանդացության մակարդակը բավականին նվազել է, հատկապես կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների թիվն է պակասել:

Կենտրոնի տնօրենը նշեց, որ աշխարհում պայքարում են քաղցկեղով հիվանդների կյանքը փրկելու, կյանքի որակը լավացնելու համար: «Սակայն գիտենք, որ քաղցկեղը  չարամիտ հիվանդություն է, երբ սկսում է կազմավորվել, դառնալ շոշափելի, նոր միայն մարդը հասկանում է, որ ունի հիվանդություն: Կազմավորման փուլում հանգիստ են զգում, ախտանիշ չեն զգում, իսկ երբ արդեն զգում են, արդեն հիվանդությունը քայքայած է լինում օրգանիզմը»,-ասաց նա և ներկայացրեց հիվանդության տարածվածությունը՝ ըստ ԱՀԿ-ի:

«ԱՀԿ տվյալներով՝ քաղցկեղը մահացությունների երկրորդ պատճառն է՝ սիրտ-անոթային հիվանդություններից հետո: 2015թ. տվյալներով՝  8 մլն 800 000 մարդ մահացել է քաղցկեղից, աշխարհում ամեն վեցերորդ մարդու մահվան պատճառն է»,-ասաց նա և ավելացրեց, որ մահացողների 70%-ը կազմում են ցածր և միջի եկամուտ ունեցողները:

«Ամեն տարի աշխարհում գրանցվում է քաղցկեղ հիվանդության 14 մլն դեպք, միայն կրծքագեղձի քաղցկեղի 1.250.000 նոր դեպք է արձանագրվել: Ցավոք, ամեն տարի այս հիվանդության հետևանքով 570.000  մարդ մահանում է»,-ասաց նա և ավելացրեց, որ  կրծքագեղձի քաղցկեղը քիչ է հանդիպում աֆրիկյան երկրների սևամորթների մոտ, պատճառը գիտությունը դեռևս չի կարողացել բացատրել, թեև վերջին տարիներին աճ կա, բայց անհամեմատ քիչ:

Խաչանուշ Հակոբյանի խոսքով՝ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների ապրելիության ցուցանիշները տարբեր են տարբեր երկրներում, զարգացած երկրներում՝ Հյուսիսային  Ամերիկայի երկրներ, Շվեդիա, Ճապոնիա՝  80% և ավելի է, միջին զարգացած երկրներում՝ մոտ  60%, ցածր զարգացած երկրներում՝ 40%:

2017թ. միայն իրենց կենտրոնում հետազոտվել է 45.810 այցելու, կատարվել է 55.920 հետազոտություն, իսկ կոնկրետ կրծքագեղձի հետազոտություն անցել է 22.820 հոգի,  20.231 կին անցել է կրծքագեղձի սքրինինգ քննություն, նրանցից 800-ի մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ: Հետազոտվել է 122 տղամարդ, 5-ի մոտ կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել:  

Խաչանուշ Հակոբյանի տվյալներով՝ վահանաձև գեղձի քաղցկեղն է վերջին շրջանում ակտիվացել: «Միգուցե ավելի շատ են սկսել հետազոտվել, 2785 հետազոտված մարդկանցից 291-ի մոտ վահանաձև գեղձի քաղցկեղ է ախտորոշվել:

Ինչ վերաբերում է կրծքագեղձի քաղցկեղին, ապա նա նշեց, որ դիմելիության ցուցանիշի աճին զուգահեռ՝ ախտորոշումը քչանում է: «Մարդիկ ավելի գրագետ ու ուշադիր են դարձել իրենց առողջության նկատմամբ, ամեն տարի սկսել են անցնել մամոգրաֆիկ զննություն: Բժիշկներն էլ, օգտագործելով լավագույն սարքավորումների հնարավորությունները, կարողանում են չձևավորված փուլում հայտնաբերել քաղցկեղածին բջիջները և փոքր վիրահատական միջամտությամբ իսպառ վերացնել: Այսինքն՝ նախ, քաղցկեղային փուլում  հայտնաբերելու և կանխելու  արդյունքում է հիվանդացության թիվը նվազել»,-ասաց նա:  

Կենտրոնի տնօրենը հայտարարեց, որ եթե տասը տարի առաջ ամեն 15-րդ կինը Հայաստանում հիվանդ էր կրծքագեղձի քաղցկեղով, ապա այսօր ուրախությամբ  փաստում է, որ ամեն 26-րդ կինն է հիվանդ: «Հուսամ՝  եկող տարի կասեմ՝ ամեն 35-րդ կինն է հիվանդ»,-ասաց նա:

Ի դեպ, ըստ նրա՝ օրական 200 հոգի է այցելում կենտրոն, 40%-ի առաջին այցելությունն է լինում:

«Ճառագայթային ախտորոշման» բաժանմունքի ղեկավար, բ. գ. թ. Հովհաննես Վարդևանյանն էլ խորհուրդ տվեց չսպասել, որ գանգատ լինի, նոր այցելեն բժշկի:

«Եթե գանգատներ են առաջացել, ուրեմն պրոցեսը զարգացում է ապրել, պետք չէ սպասել դրանց, պետք է հետևել աշխարհում ընդունված տարբերակին, երբ որ աղջիկը հասնում է սեռահասունության տարիքի, ինչ-ինչ պարբերականությամբ այցելում է գինեկոլոգի կոնսուլտացիաների: Եթե ամեն ինչ նորմալ է՝ սկզբնական շրջանում պարտադիր չեն հաճախակի հետազոտությունները, բայց արդեն 35 տարեկանից սկսած հետազոտությունները ցուցված են բոլորին: Այդ ժամանակ որոշում են հետագա հետազոտությունների պարբերականությունը»,-ասաց նա:

Ըստ բժշկի՝ 35-40 տարեկանն այն շրջանն է, երբ կինը պետք է անցնի մեկ մամոգրաֆիկ հետազոտություն, ինչը ստանդարտ, լիարժեք արդյունք է քաղցկեղի կանխարգելման ու կանխորոշման համար: