Ֆինլանդիայում համընդհանուր գործադուլ կանցկացվի
Հելսինկիում և Ֆինլանդիայի այլ քաղաքներում այսօր համընդհանուր գործադուլ կանցկացվի, մոտ մեկ օրով կդադարի հանրային տրանսպորտի աշխատանքը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ակցիայի կազմակերպիչ Ֆինլանդիայի արհմիությունների կենտրոնական միավորմանը (SAK):
2018 թվականից Ֆինլանդիայում խստացվել են գործազրկության նպաստի վճարման պայմանները, այսուհետ դրանք ենթադրում են, որ գործազուրկն ակտիվ պետք է մասնակցի թափուր աշխատատեղերի որոնմանը, իսկ եթե նրա նախաձեռնողականությունն անբավարար գնահատվի, գործազրկության նպաստը կնվազի: Այդ օրենքը ստացել է «գործազուրկների աշխատանքի տեղավորման ակտիվ մոդել» անվանումը և անմիջապես առաջացրել է քաղաքացիների դժգոհությունը:
Ինչպես նշել է SAK-ի նախագահ Յարկո Էլորանտան, արհմիությունները նշում են, որ նոր մոդելը շատ անարդար է: Երկրի շատ հատվածներում դժվար է աշխատանք գտնել: Աշխատանքի որոնման հնարավորությունները նույնպես կախված են մասնագիտությունից: Զբաղվածության պետական ծառայությունների առաջարկած ծառայությունները նույնպես տարբերվում են:
Գործադուլը կսկսվի գիշերը ժամը 3-ին և կտևի մինչև ժամը 18։00-ն: Հելսինկիում գործադուլին կմասնակցի մինչև 10 հազար մարդ՝ տնտեսության ամենատարբեր ճյուղերից:
Մայրաքաղաքում չի աշխատի մետրոն, տրամվայները և ավտոբուսային երթուղիների մեծ մասը, երկաթուղային հաղորդակցությունն իրականացվելու է առանց խափանումների:










