Ֆրանսիայի երկնքում՝ Սեն Տրոպեի մոտակայքում, ուղղաթիռներ են բախվել. կա 5 զոհ
Ֆրանսիայի հարավում 2 ռազմական ուղղաթիռ է բախվել: Ուղղաթիռներում եղել է ընդհանուր առմամբ հինգ մարդ, նրանք բոլորը զոհվել են, հայտնում է France 24-ը: Հաղորդվում է, որ մի ուղղաթիռում եղել է անձնակազմի երեք անդամ, մյուսում՝ երկու անդամ:
Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան Պրովանս-Ալպեր-Լազուր ափ երկրամասում: Ուղղաթիռները բախվել են Սեն Տրոպե քաղաքից մոտ 50 կիլոմետր հյուսիս-արևմուտք: Ուղղաթիռներն ընկել են Կաբաս և Կարսես քաղաքների միջև գտնվող լճի մոտակայքում: Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարները:
The Sun-ի տվյալներով՝ կործանված ուղղաթիռները բազմաթիրախային Aerospatiale Gazelle են, որոնք հաշվառված են ֆրանսիական բանակում:
Երկրի զինված ուժերում հաստատել են տեղի ունեցածը: Բախման պատճառը դեռևս չի պարզվել:
Reuters-ը նշում է, որ ուղղաթիռները պատկանել են թռիչքային ուսուցման դպրոցին:










