Վարորդների կրճատման վերաբերյալ խոսք անգամ լինել չի կարող, նրանք կաշխատեն հերթափոխով. Վահե Նիկոյան (տեսանյութ)
Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծով հաշվարկված 939 ավտոբուսները և 111 տրոլեյբուսները բավարար են մայրաքաղաքի ուղևորների լիարժեք սպասարկումն ապահովելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Երևանի փոխքաղաքապետ, հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը: Ըստ նրա՝ նոր ցանցով նախատեսված 42 երթուղիներն ընդգրկելու են մայրաքաղաքի ողջ տարածքը.
«Նոր ցանցը գծվել է միկրոավտոբուսների բացառման սկզբունքով: Միևնույն ժամանակ նախատեսվում են բավականին խիստ և հավակնոտ չափորոշիչներ ավտոբուսների համար, ինչը նշանակում է, որ, օրինակ՝ շահագործման ժամկետը լրացած տրանսպորտային միջոցներ չեն կարող գործարկվել, տրանսպորտային միջոցները պետք է համապատասխանեն անվտանգության, հարմարավետության պահանջներին, ինչպես նաև տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց կարիքներին»,-ներկայացրեց նա:
Նա նկատեց, որ իրենք խորհրդատու կազմակերպության առջև խնդիր էին դրել նախագծել առավելագույն օպտիմալ ու տնտեսական առումով հասանելի ցանց: Նիկոյանը շեշտեց, որ հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացը ենթադրում է, որ ոլորտում առկա սկզբունքները և մոտեցումները փոխվելու են: Նրա խոսքով՝ այլևս չի լինելու լավ կամ վատ գիծ ու «գծատեր»:
«Փոփոխությունների արդյունքում վերանալու է նաև «գծատեր» երևույթը: Սա նշանակում է, որ լիազորությունների գերակշիռ մասը, հավաքման և վերահսկման մեխանիզմների պատասխանատվությունը ստանձնելու է մեկ կենտրոնական մարմին: Գործունեության հստակ չափորոշիչներին համապատասխանելու դեպքում միայն ներդրողները կարող են մրցութային կարգով միանալ գործընթացին: Թեև այս պահին մեխանիզմները վերջնականապես հաստատված չեն, այնուհանդերձ, խորհրդատու կազմակերպության առաջարկներում գերակշռում է «վերահսկման համայնքային կառույց և ծառայության մատուցման մասնավոր կառույց» մոդելը: Այս մոդելի պարագայում կբացառվեն կամայականությունները, իսկ քաղաքացիները վստահ կլինեն, որ իրենց մատուցվելու է պատշաճ ծառայություն»,- հավելեց փոխքաղաքապետը:
Նիկոյանը կարևոր փոփոխություններից առանձնացրեց այն, որ ուղևորափոխադրումը՝ նախկինի համեմատ, կլինի ավելի արագ, անկախ տեղփոխների քանակից: Ըստ նրա՝ այս արդյունքին հասնելու համար մտադիր են ստեղծել համապատասխան հավելվածներ:
«Չվացուցակի կազմման համար հիմք ենք ընդունել նաև հասարակական կարծիքի հետ կապված հարցումները: Սրա հետ կապված նոր ցանցով հասարակական տրանսպորտի սպասարկման մեկնարկը նախատեսնում են իրականացնել առավոտյան 6:45 ՝ ժամը 7-ի փոխարեն, ավարտել կեսգիշերին՝ ժամը 11-ի փոխարեն»,-շարունակեց քաղաքապետի տեղակալը:
Վահե Նիկոյանը տեղեկացրեց նաև, որ ծանրաբեռնված ժամերին տրանսպորտի հաճախականությունը կլինի 5 րոպեն մեկ: Ինչ վերաբերում է Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխման արդյունքում վարորդների կրճատումների հնարավորությանը, Նիկոյան ասաց, որ նման բան չի սպասվում:
«Նոր ցանցով սահմանվել են հստակ չափորոշիչներ վարորդների համար, իսկ նվազագույն պահանջը կլինի կոկիկությունը: Վարորդների կրճատման վերաբերյալ խոսք լինել անգամ չի կարող: Վարորդներն աշխատելու են հերթափոխով, հետևաբար նույնիսկ կարող է լինել լրացուցիչ պահանջ»,-եզրափակեց Վահե Նիկոյան:










