Խորտակված իրանական նավթատար տանկերից նավթը կարող է հասած լինել Ճապոնիայի ափեր
Հարավային Ճապոնիայի ափերին հայտնվել են նավթի հետքեր, և կան մտավախություններ, որ դրանք կարող են խորտակված իրանական նավթատար տանկերից լինել: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի առափնյա անվտանգության ծառայությունը, հաղորդում է Reuters գործակալությունը:
Նավթի սև հետքերը հայտնվել են Ամամի-Օշիմա կղզու ափերի մոտ: Իշխանությունները ստուգում են՝ պարզելու համար, թե արդյոք այդ նավթը եկել է անցած ամիս Արևելաչինական ծովում խորտակված նավից: Նավթի առկայության մասին իշխանություններին ահազանգել են քաղաքացիները:
Ճապոնիայի կառավարությունը հատուկ խումբ է ստեղծել վարչապետ Սինձո Աբեի ենթակայության տակ՝ համակարգելու համար վերջին զարգացումներին Ճապոնիայի արձագանքը:
Երեք շաբաթ առաջ իրանական տանկերի խորտակումը մտավախություններ է առաջացրել ծովային էկոհամակարգին սպառնացող վտանգի առնչությամբ:
Ճապոնիայի շրջակա միջավայրի հարցերով նախարարությունն անցած ամիս հայտարարել էր, որ քիչ հավանական է համարում, որ նավթի արտահոսքը հասնի Ճապոնիայի ափեր:
Հիշեցնենք, որ Արևելաչինական ծովում նավթ տեղափոխող իրանական տանկերը խորտակվել է հունվարի 14-ին՝ նավի վրա տեղի ունեցած մի շարք պայթյուններից հետո: Տանկերի 32 հոգուց բաղկացած անձնակազմի բոլոր անդամները զոհվել են:
Իրանի Ազգային նավթային ընկերությանը պատկանող SANCHI տանկերը, որը 136 հազար տոննա նավթ ու գազախտուցք էր տեղափոխում, բախվել էր հոնկոնգյան CF CRYSTAL բեռնատար նավին հունվարի 6-ի երեկոյան:










