Լեհաստանը գնում է Թուրքիայի ճանապարհով՝ Հոլոքոստին երկրի ներգրավվածության մասին պնդումները քրեականացնելով. հունգարացի պատմաբան
Հունգարացի պատմաբան Լասլո Կարսայը Հոլոքոստի վերաբերյալ լեհական Սենատի ընդունած օրենքի առնչությամբ Լեհաստանի իշխանությունների գործողությունները համեմատել է Հայոց ցեղասպանությունը մերժելու Թուրքիայի իշխանությունների քաղաքականության հետ: Այդ մասին նա ասել է Euronews-ի հետ զրույցում:
Լեհ օրենսդիրներն ընդունել են Հոլոքոստին Լեհաստանի ներգրավվածության մասին պնդումները քրեականացնող օրենքի նախագիծ, որի համաձայն երեք տարվա ազատազրկում կարող է սպառնալ նացիստական ճամբարները «լեհական» անվանելու համար:
«Ինձ համար՝ որպես պատմաբանի և լիբերալի, անթույլատրելի է, երբ մարդուն սպառնում են բանտով այն բանի համար, որ նա արտահայտում է իր կարծիքը՝ հիմնվելով հետազոտության վրա: Լեհ օրենսդիրները գնում են թուրքական ճանապարհով: Նրանք կեղծում են իրենց իսկ պատմությունը: Թուրքիայում մարդը կարող է երեք տարով ազատազրկվել, եթե նա հայտարարի, որ հայերը ցեղասպանության են ենթարկվել թուրքերի կողմից»,- հայտարարել է հունգարացի պատմաբան Լասլո Կարսայը:
Հիշեցնենք, որ Լեհաստանի խորհրդարանի վերին պալատը հավանության է արժանացրել օրենքը, որն արգելում է մեղադրել լեհերին Հոլոքոստին աջակցելու համար:
Այդ օրենքն արդեն առաջացրել է Իսրայելի դժգոհությունը, որը Լեհաստանին մեղադրել է պատմությունը վերաշարադրելու փորձի համար:
Կիրակի Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կոչ է արել Լեհաստանին հրաժարվել այն ընդունելու մտադրությունից:
Չորեշքաբթի ԱՄՆ պետքարտուղարությունը նույնպես դիմել է Լեհաստանի կառավարությանը՝ խնդրելով վերանայել այդ օրենքի նախագիծը և հայտարարելով, որ ԱՄՆ-ն մտահոգված է, որ այն կարող է խախտել երկրում խոսքի ազատությունը և վնասել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններին:










