Ամերիկացի զույգը վիճակախաղով շահել է հազար անգամ ավելի մեծ գումար, քան ակնկալում էր
ԱՄՆ-ում վիճակախաղով գումար շահած ամուսիններն անսպասելիորեն ստացել են սպասվածից հազար անգամ ավելի մեծ գումար՝ 1 միլիոն դոլար, գրում է UPI պորտալը:
Սինդի Ուլին վերջին տարիներին մշտապես շաբաթական երկու անգամ Hoosier վիճակախաղի տոմս է գնել: Տունը մաքրելիս նա գտել է սեպտեմբերի 23-ի տոմսը և պարզել, որ դրանով իրենք շահել են 1000 ԱՄՆ դոլար:
Կինը զգուշացրել է ամուսնուն՝ Սթիվին, որ իրենք պետք է գնան գրասենյակ և վերցնեն շահումը: Երբ գրասենյակի աշխատակիցները նրանց են հանձնել շահած գումարի անդորրագիրը, զույգը նկատել է, որ զրոների թիվն իրենց սպասածից երեքով ավելի է:
Hoosier-ի ներկայացուցիչները հաստատել են, որ նրանց շահումը կազմում է մեկ մլն դոլար. նրանց գնած տոմսում համընկել են պահանջվող 6 թվերից 5-ը:
Շոկի ենթարկված զույգը հայտնել է, որ դեռ չի որոշել, թե ինչպես պետք է ծախսի նման խոշոր շահումը:










