Հարազատները փետրվարի 1-ից չեն կարողանում հանդիպել Գլդանի բանտում գտնվող ջավախահայ Ադամ Այվազյանին
Փետրվարի 1-ից քրեական մեղադրանքի շրջանակներում Թբիլիսիի Գլդանի բանտում գտնվող ջավախահայ մարզիկ ու դերասան Ադամ Այվազյանի հարազատները նրան տեսակցելու հնարավորություն չունեն: Փաստաբանին կարճ ժամանակով հաջողվել է հանդիպել իր պաշտպանյալի հետ, իսկ հարազատները կզրուցեն արդեն այսօր: Մինչ այդ չի հաջողվել: Այս մասին Tert-ի հետ զրույցում հայտնեց նրա եղբայրը՝ Արտյոմ Այվազյանը:
Նշենք, որ Ադամ Այվազյանը Ջավախքում ունի մսի խանութ ու հացի փուռ, որտեղ աշխատող կանանցից մեկը ձեռքը մտցրել էր խմորհարիչի մեջ և մարմնական վնասվածքներ ստացել:
Ըստ Արտյոմի՝ այդ կինն ընդհանրապես բողոք չունի, և ասել է, որ մեղավորն ինքն է եղել, որ չի պահել տեխնիկական անվտանգության կանոնները:
Նշենք, որ փետրվարի 1-ին Ադամ Այվազյանի ֆեյսբուքյան էջում տարածվել էր իրեն աջակցելու խնդրանքով հայտարարություն:
«Խնդրում եմ՝ ուշադրություն դարձրեք այս գործին, որն ունենալու է տարաբնույթ հետևանքներ: Ով արդարության կողմնակիցն է, թող զորակցի ինձ»,-Ադամի անունից գրված է հայտարարության տեքստում:
Եղբայրը պատմեց, որ դատի ժամանակ Ադամը հայտարարել է, որ եթե նախատեսված է ինչ-որ միջոց, ապա պատրաստ է տուգանք վճարել, սակայն դրանից անմիջապես հետո նրա միջնորդությունը քննարկվել է ու ջավախահայ երիտասարդն ուղեկցող գումարտակի կողմից տեղափոխվել է Թբիլիսիի Գլդանի բանտ:
Հիշեցնենք, որ 2017-ին Ադամի՝ Հայաստանից մուտքը Վրաստան արգելվել էր, քանի որ նրան վրացի սահմանապահները հայտնել էին, որ իր մուտքը սպառնալիք է երկրի համար:
«Տենց թուղթ էին տվել, ու մինչ այսօր կոնկրետ պատասխան չկա: Այս դեպքից հետո Ադամը փաստաթղթեր ներկայացրեց, որ իր տունը ստեղ ա, Ջավախքում, Հայաստանում ո՛չ տուն ունի, ո՛չ գործ: Ու դրանից հետո նոր թույլ տվեցին, թեև մինչև հիմա ոչ մի բացատրություն չեն տվել: Իհարկե, չեմ կարծում, որ այդ դեպքը պետք է կապել սրա հետ»,-ասաց ջավախահայը:
Նա հայտարարում է, որ Ջավախքի երիտասարդությունը ոտքի է կանգնած՝ ամեն վայրկյան պատրաստ է բողոքի հանրահավաքի:
«Մեր ջահելությունը, վառված, իմանալով հա՛մ ինձ, հա՛մ եղբորս որպես սպորտսմեն: Մենք առայժմ ստոպ ենք տվել, ասել էի՝ սպասենք մինչև դատը: Տեսնենք՝ ինչ արդյունք ենք ստանալու, դրանից հետո նոր կորոշենք»,-ասաց Արտյոմ Այվազյանը:










