ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի ևս մեկ վճիռ է կայացրել. ՊԵԿ նախկին պաշտոնյան ՀՀ կառավարությունից 19 000 եվրո փոխհատուցում կստանա

13:52 • 03.02.18

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի ևս մեկ վճիռ է կայացրել,որով ՀՀ-ն պարտավորվում է Երևանի բնակիչ դիմումատուին վճարել 19 065 եվրո:
Tert.am-ը ՄԻԵԴ-ի կայքից տեղեկացավ, որ ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել  «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի  34-րդ հոդվածի համաձայն, ՀՀ քաղաքացի  Եվգենյա Ֆիդանյանի (դիմումատու) կողմից ընդդեմ ՀՀ՝ 2012 թվականի սեպտեմբերի 19-ին Դատարան ներկայացված գանգատի  հիման վրա:

Դիմումատուն աշխատել է Հարկային պետական ծառայությունում (ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե): 2009 թվականի փետրվարի 23-ին Կոմիտեի նախագահը որոշել է լուծել դիմումատուի աշխատանքային պայմանագիրը, ինչից հետո դիմումատուն  Կոմիտեի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով  անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու հրամանը, վերականգնել իր նախկին պաշտոնում և  բռնագանձել իր միջին աշխատավարձը՝ սկսած իրեն աշխատանքից ազատելու պահից մինչև նախկին պաշտոնում իրեն վերականգնելը:

2009 -ին Վարչական դատարանը բավարարել է դիմումատուի երեք պահանջները: Այդ վճիռն անփոփոխ է թողնվել բարձրագույն դատական ատյանի՝ Վճռաբեկ դատարանի կողմից, և 2009 թվականի նոյեմբերի 4-ին այն դարձել է վերջնական:

Կոմիտեն 2009 թվականի նոյեմբերի 29-ին դիմումատուին վճարել է 1 մլն 197 հզր.  ՀՀ դրամ՝ որպես հատուցում 2009 թվականի փետրվարի 23-ից մինչև նոյեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածի ընթացքում նրա գործազրկության դիմաց:

Պարզվում է, որ 2010 թվականի փետրվարի 25-ից 2011 թվականի հուլիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ԴԱՀԿ-ն և Կոմիտեն 2009 թվականի սեպտեմբերի 17-ի վճռի կատարման առնչությամբ հետագա գործողություններ չեն ձեռնարկել:

Չնայած Կառավարության նախնական առարկել է, որ  դիմումատուն չի սպառել իրեն հասանելի արդյունավետ իրավական պաշտպանության միջոցները, սակայն դիմումատուն դիմել է ՄԻԵԴ և գանգատը վարույթ է ընդունվել 2013-ին:
 
Դիմումատուն պահանջել է 26մլն  535 հզր. ՀՀ դրամ՝ որպես նյութական վնասի հատուցում, և 19 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։ Դիմումատուն նաև պահանջել է 800 000 ՀՀ դրամ՝ որպես ներպետական դատարաններում, ինչպես նաև Դատարանում կրած ծախսերի և ծախքերի հատուցում:

Կառավարությունը համարել է, որ դիմումատուի՝ նյութական վնասի և տոկոսի մասով պահանջը հիմնավորված չէ և պետք է մերժվի:

ՄԻԵԴ-ը հաշվի առնելով  դիմումատուի մանրամասն հաշվարկները և այն փաստը, որ ՀՀ կառավարությունը չի վիճարկել դիմումատուի կողմից կիրառված հաշվարկման մեթոդը կամ նրա հաշվարկների ճշգրտությունը:

ՄԻԵԴ-ը վճռել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:

Հայաստանը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները.

նյութական վնասի դիմաց՝ 14 165 եվրո  

ոչ նյութական վնասի դիմաց՝ 3 600 եվրո

ծախսերի և ծախքերի դիմաց՝ 1 300 եվրո:

ՄԻԵԴ-ը մերժել է  դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։