Հարցը, որ մտահոգել էր ինձ և այլ բազմաթիվ ծնողների, մտահոգում է նաև գործադիրին. Արման Սաղաթելյանը` դպրոցական պայուսակների առավելագույն քաշի մասին

14:39 • 03.02.18

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հրամանով սահմանվել է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջները:  Ըստ այդ հրամանի`դասացուցակը պետք է կազմվի հաշվի առնելով առարկաների բարդության աստիճանի սանդղակը, սովորողների օրվա և շաբաթվա մտավոր աշխատունակության առավելագույն թույլատրելի նորմերը:

Դասամիջոցների տևողությունը կազմում է 10-ական րոպե, մեծ դասամիջոցի տևողությունը կազմում է 20-30 րոպե, հնարավոր է կազմակերպել 2 դասամիջոց 20-ական րոպե: Մեծ դասամիջոցը կազմակերպվում է 2-րդ և/կամ 3-րդ դասաժամերից հետո:

Ըստ նախարարի հրամանի` աշակերտների կողմից բերվող դասագրքերի և գրենական պիտույքների հավաքածուի քաշը չպետք է գերազանցի 1-ին, 2-րդ դասարանների սովորողների համար 1,5 կգ, 3-րդ, 4-րդ դասարանների սովորողների համար՝ 2 կգ, 5-6-րդ դասարանների սովորողների համար՝ 2,5 կգ, 7-8-րդ դասարանների սովորողների համար՝ 3,5 կգ, 9-12-րդ դասարանների սովորողների համար՝ 4 կգ:

Ուսումնական բեռնվածությունը աստիճանաբար ավելանալով դասաժամի կեսին պետք է հասնի առավելագույնի և իջնի դասաժամի ավարտին: 1-ին դասարանի սովորողների համար առավել բարդ առարկաները դասացուցակում ներառվում են 2-րդ դասաժամին, 2-4-րդ դասարանի համար՝ 2-3-րդ դասաժամերին, իսկ 5-12-րդ դասարանների համար՝ 2-4-րդ դասաժամերին՝ սովորողների ամենաբարձր աշխատունակության ժամանակ:  Բարդ առարկաները (ֆիզիկա, մաթեմատիկա, օտար լեզու) հարկ է զուգակցել հեշտ ընկալվող առարկաների հետ՝ պատմություն, աշխարհագրություն և այլն:

Շաբաթվա ընթացքում ուսումնական ծանրաբեռնվածության բաշխումը կազմվում է այնպես, որպեսզի նրա ամենամեծ ծավալը լինի երեքշաբթի և (կամ) չորեքշաբթի օրերին: Ստուգողական աշխատանքները կատարվում են ուսումնական շաբաթվա մեջտեղում և 2-4-րդ դասերին:

Տնային առաջադրանքները սովորողներին տրվում են ելնելով դրանք կատարելու հնարավորությունից՝ I դասարանում՝ չեն տրվում, II-ում և III-ում՝ մինչև 1,5 ժամ, IV-ում և V-ում ՝ մինչև 2 ժամ, VI-VIII դասարաններում՝ մինչև 2,5 ժամ, IX-XI-ը՝ մինչև 3,5 ժամ, XII-ում՝ մինչև 4 ժամ: Նախատեսված է նաև աչքերի համալիր վարժություններ:

ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արման Սաղաթելյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով հրամանի կիրառմանը և վերահսկողությանը, ասաց, որ կարծում է, թե նախարարությունը ունի բավարարաչափ լծակներ, մեխանիզմներ որոշումերը վերահսկելու համար: «Կարծում եմ, որ նախարարության կազմում և համապատասխան կառույցների կազմում կան մասնագիտացված ստորաբաժանումներ, որոնք պարբերաբար մոնիթորինգ են իրականացնում»,-ասաց նա` հույս հայտնելով, որ հանրությունն էլ ուշադիր կլինի այս որոշման իրականացման  հարցում։

Ինչ վերաբերվում է հրամանում ընտրված չափանիշներին, ապա Արման Սաղաթելյանն ասաց, որ ըստ երևույթին դրանք հիմնվում են որոշակի նորմերի վրա, և նման չափանիշներ կան բազմաթիվ երկրներում, որոնց մշակմանը մասնակցում են բժիշկները։

Արման Սաղաթելյանը շեշտեց, որ զարգացող օրգանիզմի վրա կրվող քաշը չպետք է խնդիր առաջացնի երեխայի բնականոն կենսագործունեությանը:

«Ես տեսնում եմ, որ այդ հարցը ոչ միայն ինձ է մտահոգել, այլ բազմաթիվ ծնողների և  կարծում եմ, որ մտահոգում է նաև գործադիրին: Ամեն դեպքում մենք տեսնում ենք հետևողականություն և վերջին այդ քննարկումներից հետո այդ թվում հարց ու պատասխանից հետո, բավականին կարճ ժամանակահատվածի ընթացքում մենք տեսնում ենք ռեալ քայլեր և հույս ունենանք, որ դա կբերի ցանկալի արդյունքի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանի ԿԳ նախարարին հարց ուղղեց, որը վերաբերում էր կրթական ոլորտին: «Նա նշեց, որ հետազոտություն է արել՝ կշռելով իր և ընկերների երեխաների դպրոցական պայուսակները և պարզել, որ 12 տարեկան երեխայի պայուսակը կշռում է մոտ 5200 գրամ, և դա առանց հավելյալ պարագաների՝ սպորտի համազգեստ և այլն»,-ասել էր նա:

Առողջապահության նախարարի հրամանով սահմանվում է նաև, որ կրթական  հաստատության շենքերում ամեն օր իրականացվում է ընթացիկ խոնավ մաքրում, իսկ ամիսը մեկ անգամ կատարվում է շենքերի հիմնական մաքրում:

Դասարանների և այլ ուսումնական ու օժանդակ շենքերի մաքրումը կատարվում է դասերից հետո՝ բաց պատուհաններով: Եթե հաստատությունը աշխատում է 2 հերթափոխով՝ մաքրումը կատարվում է երկու անգամ: Անհրաժեշտ է լվանալ հատակը, մաքրել փոշու կուտակման տեղերը (լուսամուտագոգեր, ջերմամատակարարման մարտկոցներ և այլն): Պատուհանները և շերտավարագույրներն անհրաժեշտ է լվանալ առնվազն տարին 2 անգամ (գարնանը և աշնանը):

Ցնցուղարանների և զուգարանների սանիտարատեխնիկական սարքավորումները (զուգարանակոնք, լվացարան, բռնակներ), հատակը, պատերը, դռներն ամեն օր լվացվում են օճառով և տաք ջրով: