«Մենք քո համար երեք փամփուշտ ունենք». Հունաստանի արտգործնախարարը սպառնալիքներով նամակ է ստացել

10:00 • 03.02.18

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոցիասը սպառնալիքներով նամակ է ստացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Որոշ կոնկրետ համակարգեր, մամուլն ու հեռուստաալիքներ արդեն երկար տարիներ զրպարտում են ինձ: Նրանց անհանգստացնում է, որ ինձ ոչ ոք հետ չի կանգնեցնում: Նրանք իմ ֆիզիկական անձեռնմխելիության և իմ կյանքին ուղղված սպառնալիքների հեղինակներն են»,- գրել է Կոցիասը Twitter-ում:


ԱԳՆ-ում սպառնալիքները կապում են ի թիվս այլ հանգամանքների նաև Մակեդոնիայի հետ երկրի անվան շուրջ վեճի կարգավորման վերաբերյալ բանակցությունների հետ:


«Սպառնալիքներն ընդհանուր են, մենք կարծում ենք, որ դրանք կապված են այդ խնդիրը լուծելու նախարարի փորձերի հետ: Բայց ոչ միայն դա: Նախարարին ընդհանրապես զրպարտում են, ստեղծում են բացասական մթնոլորտ»,- ասել է ԱԳՆ-ի ներկայացուցիչը:


Քաղաքացիների պաշտպանության հարցերով նախարար Նիկոս Տոսկասը, որը պատասխանատու է ոստիկանության աշխատանքի համար, ERT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ նամակը սպառնալիքներ է պարունակել՝ «Մենք քո համար երեք փամփուշտ ունենք»: Նրա խոսքով՝ ոստիկանությունը հետաքննություն է սկսել սպառնալիքների առնչությամբ:


Տոսկասը հավելել է նաև, որ նման սպառնալիքներ նախարարները ստացել են նաև դրանից առաջ: