Ռոման Աբրամովիչը Շվեյցարիայում կացության իրավունքի դիմում է ներկայացրել. շվեյցարական լրատվամիջոցներ

15:25 • 05.02.18

Evraz ընկերության գլխավոր սեփականատեր, միլիարդատեր Ռոման Աբրամովիչը, շվեյցարական Le Matin Dimanche և Sonntags Zeitung լրատվամիջոցների տեղեկություններով, դեռ 2016 թվականին կացության իրավունքի դիմում է ներկայացրել Շվեյցարիայի Վալե կանտոնին: Այնուհետև գործարարն այն հետ է կանչել, բայց 2017 թվականի նոյեմբերին կրկին դիմել է այդ հարցով, գրում է rbc.ru-ն:


Դիմումը ներկայացվել է Բանեի համայնքապետարան, ինչպես նաև Վալե կանտոնի բնակչության և միգրացիոն հարցերով ծառայություն: Այդ տեղեկությունը երկու լրատվամիջոցներին հաստատել են Բանեի համայնքապետարանում, Միգրացիայի հարցերով պետքարտուղարությունում և դաշնային ոստիկանությունում:


«Հաշվի առնելով նրա ֆինանսական ռեսուրսնեը՝ նա շատ հետաքրքիր հարկատու կլիներ ինչպես համայնքապետարանի, այնպես էլ երկրի համար: Մենք դրական պատասխան ենք տվել»,- ասել է Վալե կանտոնի միգրացիոն բաժնի ղեկավար Ժան Դելավալասը Le Matin Dimanche-ին:


2017 թվականի հունիսին, սակայն, Աբրամովիչը հետ է կանչել իր դիմումը և դիմել Ցյուրիխի առևտրային դատարան՝ պահանջելով արգելել թերթերին բացահայտել իրավիճակի մանրամասները, և այս տարվա փետրվարի 2-ին դատարանն ընդունել է հօգուտ գործարարի որոշում:


2017 թվականի նոյեմբերին Աբրամովիչը Դաշնային ոստիկանության ղեկավար Նիկոլետա դելա Վալեին անձնական դիմում է ուղարկել, որում հայտնել է կացության իրավունքի մասին իր միջնորդությունը վերաբացելու մտադրության մասին: Աբրամովիչին պատասխանել են, որ հետ կանչված դիմումը չի կարող վերաակտիվացվել, և առաջարկել են նոր միջնորդություն ուղարկել կանտոնի միգրացիոն վարչություն: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Աբրամովիչը նման միջնորդությամբ դեռ չի դիմել: