Ադրբեջանում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ

11:35 • 05.02.18

Ադրբեջանում ապրիլի 11-ին կկայանան արտահերթ նախագահական ընտրություններ: Այդ մասին ասված է երկրի ղեկավարի կայքում տեղադրված փաստաթղթում, հայտնում է minval.az-ը:


«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի ստորագրել է արտահերթ նախագահական ընտրություններ հայտարարելու մասին հրամանագիր, որոնք կանցկացվեն 2018 թվականի ապրիլի 11-ին»,- ասված է հրամանագրի տեքստում:


Հրամանագրի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնարարվել է կազմակերպել արտահերթ նախագահական ընտրություններն Ընտրական օրենսգրքի համաձայն:


Ադրբեջանում նախագահական հերթական ընտրությունները պետք է կայանային 2018 թվականի հոկտեմբերի 17-ին:


Ավելի վաղ Ադրբեջանի «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության գործադիր քարտուղար, փոխվարչապետ Ալի Ահմեդովը հայտարարել էր, որ հոկտեմբերին կայանալիք երկրի ղեկավարի ընտրություններին կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրելու գործող նախագահ Իլհամ Ալիևին: 


2016 թվականի սեպտեմբերին Սահմանադրությունում իրականացված փոփոխությունների համաձայն՝ Ադրբեջանի նախագահն ընտրվելու է յոթ տարի ժամկետով: