Ռուսական օդուժը Սիրիայում հիվանդանոց է հրթիռակոծել. Reuters
Սիրիայում ռուսական Су-25 գրոհիչի կործանումից հետո Ռուսաստանը պատասխան հարվածներ է հասցրել Իդլիբ նահանգում կռվող խմբավորումներին, ավիահարվածների հետևանքով տուժել է նաև տեղի հիվանդանոցներից մեկը, այս մասին գրում է Reuters գործակալությունը:
Ավիահարվածները հասցվել են նահանգի մի քանի գյուղերի ու քաղաքների՝ այդ թվում նահանգի նույնանուն վարչական կենտրոնը, Քաֆր Նուբլը, Մաասրանը, Սարաքեբը, Մաարեթ ալ Նուումանը:
Ականատեսների համաձայն՝ հարձակման է ենթարկվել Իդլիբի Մաարեթ ալ Նուումանի հիվանդանոցը, փրկարարների կողմից լրատվամիջոցներին տրամադրված տեսանյութերում երևում է՝ ինչպես են փլված շենքից պատգարակներով դուրս բերում այնտեղ եղած երեխաներին:
Եվս 5 մարդ, ըստ նախնական տեղեկությունների, մահացել է Քաֆր Նուբլում բնակելի շենքի վրա ավիահարձակման հետևանքով: Ենթադրաբար, ևս 15 մարդ կարող է մահացած լինել Իդլիբ քաղաքում 5-հարկանի շենքին ուղղված ավիահարվածից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սիրիայի հյուսիսում «օդ-երկիր» տեսակի հրթիռից խոցվել էր ռուսական Су-25 ռազմական ինքնաթիռը: ՌԴ ՊՆ-ից հայտնել էին, որ թեև հարվածի պահին օդաչուն հասցրել էր փրկվել, սակայն ավելի ուշ մահացել է ահաբեկիչների հետ մարտում:










