Իրաքի դատարանը թույլ է տվել Քիրքուքում Քրդստանի դրոշ բարձրացնել

16:48 • 05.02.18

Իրաքի դաշնային դատարանը թույլատրել է Քիրքուքում Քրդստանի դրոշ բարձրացնելը, այս մասին տեղեկացնում է քրդական Rudaw կայքը:

Նշվում է, որ դատարանն օրինական է համարել Քրդստանի դրոշի բարձրացումը Քիրքուքում, որը վիճելի տարածք է համարվում Բաղդադի ու Էրբիլի միջև:

Դատարանի որոշումը նաև կոչ է արել հետաքննություն սկսել այն անձանց նկատմամբ, որոնք հոկտեմբերի 16-ին Քիրքուքի ռազմական գործողության ժամանակ իջեցրել էին Քրդստանի դրոշը:

Հիշեցնենք, որ 2017-ի հոկտեմբերի 16-ին Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ:

Քիրքուքը պաշտոնապես Իրաքյան Քրդստանի մաս չի կազմել, սակայն տեղի քրդերը մասնակցել են անկախության հանրաքվեին: