Առաջին փոխվարչապետ Սահմանադրությամբ նախատեսված չէ, օրենքը հակասահմանադրական է. Էդմոն Մարուքյան

16:04 • 05.02.18

«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» նախագծում նշվում է  առաջին փոխվարչապետի մասին, նման պաշտոնյա ՀՀ Սահմանադրությամբ գոյություն չունի. Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում  նախագծի քննարկմանը նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Սահմանադրության 147-րդ հոդվածը հստակ ամրագրում է, թե կառավարության կազմն ու կառուցվածքն ինչպիսին է, ըստ որի՝ կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և  նախարարներից: Հակասահմանադրական է այս ձևակերպումը, երեքն էլ, ըստ ձևակերպման, հավասար են և սահմանադիրը տարբերակում չի դրել ով է առաջին, ով երկրորդ, ով երրորդ: Առաջարկում եմ առաջին բառը հանել և դնել փոխվարչապետ, թե որ մեկը կլինի՝ ձեր ջատագոված և մեր ժողովրդի բուռն մասնակցությամբ հաստատված Սահմանադրությամբ ամրագրված չէ»,-ասաց նա: 

Հարցին պատասխանեց հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, ով նշեց, թե բացարձակապես Սահմանադրության հետ խնդիր չի տեսնում: «Օրենքի կարգով մենք կարող են փոխվարչապետին տալ լիազորություններն, և «առաջին» ասելով՝ վարչապետին փոխարինելու լիազորությունը օրենքի ուժող մեկին ենք տալիս, այլ բան չենք սահմանում»:

Մարուքյանը հակադարձեց. «Այդ տրամաբանությամբ նույն Սահմանդրությամբ խոսվում է ԱԺ երեք փոխխոսնակների մասին: Կարո՞ղ է ԱԺ կանոնակարգ օրենքով նշվել, որ կա առաջին փոխխոսնակ կամ ՍԴ նախագահի տեղակալ, կարո՞ղ ենք նշել առաջին տեղակալ: Այս տրամաբանությունը չի բխում Սահմանադրությունից և հիմնավորումը, որ օրենքով կարող է լինել, այդ մասին դեմ չեմ, բայց առաջին փոխվարչապետ Սահմանադրությամբ նախատեսված չէ: Օրենքը հակասահմանադրական է, և խնդրում եմ համապատասխանեցնել գործող Սահմանադրությունը և երեք փոխվարչապետների լիազորությունները: Ըստ Սահմանադրության՝ երենքն էլ հավասար են, այլ կերպ՝ վարչապետը կորոշի»,-եզրափակեց նա: