Նիդեռլանդները հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին

16:00 • 05.02.18

Նիդեռլանդները հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին՝ հայտարարելով, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը որևէ արդյունք չի տվել։ Այս մասին հայտնում է թուրքական
«Բիրգյուն» պարբերականը՝ հղում անելով Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքին:

Նիդեռլանդների ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ երկու երկրները քաղաքական ճգնաժամի ընթացքում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ մի շարք հանդիպումներ են իրականացրել, սակայն դրանք որևէ արդյունք չեն տվել:

Ավելին՝ Նիդեռլանդները պատրաստվում է թույլ չտալ Թուրքիային իրենց երկրում արտակարգ և լիազոր դեսպան նշանակել:

Հիշեցնենք, որ Նիդեռլանդների իշխանությունները թույլ չէին տվել թուրք երկու նախարարներին՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին, ապա նաև սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Բեթուլ Սայամ Կայային հանդիպել Ռոտերդամում ապրող իրենց հայրենակիցների հետ:

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն արգելել էր Չավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռին վայրէջք կատարել երկրի տարածքում: Չավուշօղլուն մտադիր էր Նիդեռլանդներում բնակվող թուրք քաղաքացիներին համոզել պաշտպանել երկրի սահմանադրական փոփոխությունները:

Ռուտեն իր որոշումը մեկնաբանել էր՝ նշելով, որ Չավուշօղլուի այցը սպառնում է խախտել հասարակական կարգուկանոնը: Թուրքիայի ԱԳ նախարարն էլ հայտարարել էր, որ Ռոտերդամում իր ելույթը թույլ չտալու Նիդեռլանդների քայլն անպատասխան չի մնա։ 

Նիդեռլանդների իշխանությունները, բացի այդ, «անցանկալի օտարերկրացի» են հայտարարել Թուրքիայի ընտանիքի և սոցիալական քաղաքականության նախարար Ֆաթմա Բեթուլ Սայամ Կայային: Իշխանությունները նախարարին ոստիկանության ուղեկցությամբ հետ էին ուղարկել Գերմանիա, որտեղից նա ժամանել էր ավտոմեքենայով։