ԵԱՏՄ երկրներում մաքսազերծ առցանց առևտրի շեմը 2020 թվականից կիջեցվի 200 եվրոյի

15:44 • 05.02.18

ԵԱՏՄ երկրները համաձայնեցրել են մաքսազերծ առցանց առևտրի շեմերը, և կայացվել է համապատասխան որոշում: Այդ մասին հայտնում է interfax.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:


«Մենք պայմանավորվել ենք, որ այդ մակարդակը միասնական կլինի, այլապես այդ շուկան կմասնատվի: Այդ որոշումը կայացվել է և արդեն վերածվել է Եվրասիական միության ակտերի»,- ասել է Մեդվեդևը ԵԱՏՄ երկրների վարչապետների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:


«Մինչև այս տարվա վերջ ինտերնետային առևտրի շրջանակներում ներմուծված ապրանքների համար մաքսազերծ առևտրի շեմը կկազմի 1000 եվրո, 2019 թվականի հունվարի 1-ից՝ 500 եվրո, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից՝ 200 եվրո»,- հայտնել է ՌԴ վարչապետը:


Այժմ ԵԱՏՄ երկրներում մաքսազերծ ներմուծման շեմերը տարբեր են. Բելառուսում այն կազմում է 22 եվրո, Հայաստանում՝ 150 դոլար, Ղազախստանում 1.000 եվրո, Ղրղզստանում՝ 1.000 դոլար:


ՌԴ կառավարությունը նախկինում առաջարկում էր նվազեցնել միջազգային փոստի միջոցով ապրանքների մաքսազերծ ներմուծման շեմը մինչև 20 եվրո, բայց երկրի ֆինանսների նախարարությունում նման հեռանկարները քիչ հավանական են համարել և խորհուրդ են տվել ռուսական և օտարերկրյա ինտերնետային առևտրով զբաղվող ընկերությունների պայմանները հավասարեցնելու համար աշխատել ԱԱՀ-ի սահմանման ուղղությամբ: