Հռոմի պապը սատանային խեղդող հրեշտակի պատկերող մեդալյոն է նվիրել իր հետ հանդիպմանը 20 րոպե ուշացած Էրդողանին (լուսանկար)

10:22 • 06.02.18

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նախօրեին Վատիկանում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է նվիրել խաղաղության և արդարության խորհրդանիշ համարվող բրոնզե մեդալյոն, որի վրա պատկերված է սատանային խեղդող հրեշտակ: Այս մասին հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունը:

Աղբյուրը նշում է, որ Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպմանն Էրդողանն ուշացել է ավելի քան 20 րոպե: Հոդվածի հեղինակը նկատում է, որ բացի Էրդողանից՝ Պապին ժամանակին սպասեցրել են Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը (20 րոպե), ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը (70 րոպե):

Հռոմի պապի և Էրդողանի հանդիպումը տևել է մոտ 50 րոպե, այն սկիզբ է առել Վատիկանի գրադարանում:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Ֆրանցիսկոս պապն ու Էրդողանը հատկապես կենտրոնացել են Երուսաղեմի շուրջ ստեղծված ճգնաժամի մանրակրկիտ քննարկման վրա:

Սա Թուրքիայի նախագահի մակարդակով առաջին նման այցն է Վատիկան 59 տարվա դադարից հետո: Իսկ Հռոմի պապը Թուրքիա էր այցելել 2014 թվականին: