Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններով զբաղվող նախաձեռնող խումբը դատի է տվել Թուրքիայի ՆԳՆ-ին

10:31 • 06.02.18

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խումբը դատի է տվել Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը, հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը:

Հիշեցնենք, որ նախաձեռնող խումբը 2017 թվականի օգոստոսին պատրիարքի ընտրությունների կազմակերպման հարցով նամակ էր հղել երկրի ՆԳՆ, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել:

Ամիսներ շարունակ սպասելուց հետո հայ համայնքի՝ իրենց պատրիարքին ինքնուրույն ընտրելու իրավունքը չկորցնելու համար նախաձեռնող խմբի անդամները որոշել են դատարան դիմել՝ հայց ներկայացնելով ՆԳՆ-ի դեմ:

Հայտնի է, որ նախաձեռնող խմբի մի շարք անդամներ դեմ են եղել այս որոշմանը: ՆԳՆ-ի դեմ դատարան դիմելուց հետո Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների նախաձեռնող խմբի անդամներից Խոսրով Քյոլեդավիթօղլուն, Վարուժան Բուլգանը, Տեր Կորյուն Ֆեներջիյանն ու Տեր Տրդատ Ուզունյանը հրաժարական են ներկայացրել և լքել նախաձեռնող խմբի շարքերը:


Հիշեցնենք, որ 2016թ.-ի հոկտեմբերի 26-ին Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարել է 9 տարի շարունակ կոմայի մեջ գտնվող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին անգործունյա ճանաչելու որոշման մասին, ինչը ենթադրում է նոր պատրիարքի ընտրության մեկնարկ, որի համար անհրաժեշտ էր նախ ընտրել Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահ, որը կղեկավարեր ընտրական գործընթացը:

2017թ.-ի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրություն: Ընտրություններում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հաղթած Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, չնայած Աթեշյանի ու պետության կողմից միջամտություններին, ստանձնեց Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնը և արդեն ձեռնամուխ է եղել պատրիարքի ընտրությունների կազմակերպմանը։