Հանրապետության նախագահը որևէ պարագայում չի կարող ընտրվել ժողովրդի կողմից, իսկ նոր Սահմանադրության հեղինակների սխալ հաշվարկի մասին խոսելը հիմնազուրկ է. Վ.Պողոսյան

17:00 • 17.02.18

Մամուլում շրջանառվող տեսակետի վերաբերյալ, թե ՀՀ չորրորդ նախագահի ընտրությունը Ազգային ժողովին վերապահելը հակասում է գործող Սահմանադրությանը,  լեգիտիմության հարցում մեծ խնդիրներ  է առաջացնում, և Նախագահի ընտրություն պետք է տեղի ունենա համապետական ընտրություններով, քանի որ 2015-ի սահմանադրական փոփոխություններով նախատեսված համապատասխան դրույթը ուժի մեջ է մտնելու ավելի ուշ, Tert.am-ը զրուցել է Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանի հետ՝ պարզելու, թե արդյոք նոր Սահմանադրության հեղինակները սխալվել են որևէ կետում և հստակ չեն ձևակերպել Հանրապետության 4-րդ նախագահի ընտրության կարգը: Նա նաև մանրամասներ է ներկայացրել ՀՀ 4-րդ նախագահի ընտրության ընթացակարգի, ժամկետների վերաբերյալ:

-Պարո՛ն Պողոսյան, մամուլում շրջանառվում է մի մոտեցում, ըստ որի ՀՀ չորրորդ նախագահի ընտրությունը ԱԺ-ին վերապահելը հակասում է գործող Սահմանադրությանը  և պետք է անցկացվեն համապետական ընտրություններ, ըստ Ձեզ  ինչո՞ւ է առաջացել նման կարծիք և արդյո՞ք Սահմանադրության հեղինակները սխալ են թույլ տվել, ինչ -որ բան ճիշտ չեն հաշվարկել և Հանրապետության 4-րդ նախագահը ևս պետք է ընտրվի ուղղակի ընտրություններով:


-Ի սկզբանե ասեմ, որ 2015թ.-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ հոդվածը, որը Սահմանադրության 209-րդ հոդված 1-ին համապատասխան ուժի մեջ է մտել 2015 թ. դեկտեմբերի 22-ին, վերացրել է Հանրապետության նախագահի ընտրությունը ընդհանուր և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա և համապետական մակարդակով նման ընտրակարգ սահմանել է միայն Ազգային ժողովի համար: Ուստի որևէ պարագայում Հանրապետության նախագահի չի կարող ընտրվել ժողովրդի կողմից: Ինչ վերաբերվում է սխալին կամ սխալ հաշվարկին, ապա այդ մասին խոսելը հիմնազուրկ է, քանի որ Սահմանադրության եզրափակիչ և անցումային դրույթներում ներառված 211-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ Սահմանադրության 125-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի առաջին ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ:

Հոդվածում ներառված «Հանրապետության նախագահի առաջին ընտրություն» արտահայտությունը վերաբերում է այն Հանրապետության նախագահին, ում կարգավիճակը, գործառությունները, լիազորությունները սահմանված են 2015 թ. խմբագրությամբ Սահմանադրության 5-րդ գլխով, քանի որ անվիճելի է, որ 1991 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունում սկզբում Հանրապետության նախագահի մասին 1991 թ. օրենքի, այնուհետև 1995 թ. Սահմանադրության հիման վրա արդեն իսկ անցկացվել են Հանրապետության նախագահի թվով վեց ընտրություններ: Ուստի Հանրապետության նախագահի առաջին ընտրությունը ակնհայտորեն վերաբերում է այն նախագահի ընտրությանը, ով պետք է ընտրվի Ազգային ժողովի կողմից յոթ տարի ժամկետով: Այսինքն, 211-րդ հոդվածի կարգավորման առարկան խորհրդարանի կողմից ընտրվող Հանրապետության նախագահի ընտրության կարգն է: Այստեղ, կարծում եմ, որևէ տարընթերցում չի կարող լինել և այլ կարծիքների ես մինչ այժմ չեմ հանդիպել:

-Իսկ ե՞րբ պետք է տեղի ունենա խորհրդարանի կողմից ընտրվող Հանրապետության նախագահի առաջին ընտրությունը, այսինքն, 211-րդ հոդվածի իմաստով՝ Հանրապետության նախագահի առաջին ընտրությունը:

-Պատասխանն այստեղ ևս առավել քան պարզ է և հստակորեն սահմանված է նույն 211-րդ հոդվածում, այն «անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ»:

-Այստեղ Հանրապետության ո՞ր նախագահի մասին է խոսքը՝ այժմ պաշտոնավարող, թե՞ ապագայում ընտրվելիք:

-Մի պահ ենթադրենք, որ խոսքը ապագայում խորհրդարանի կողմից ընտրվելիք նախագահի մասին է: Այդ դեպքում 211-րդ հոդվածը ստիպված պետք է կարդանք հետևյալ կերպ. «Ազգային ժողովի կողմից ընտրվող Հանրապետության նախագահի առաջին ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի կողմից ընտրվող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ»: Ցանկացած ողջամիտ մարդու համար կարծում եմ, պարզ է, որ նման ընթերցումն անհեթեթ է, քանի որ, եթե դեռ չկա Ազգային ժողովի կողմից ընտրված նախագահ, ապա խոսք անգամ չի կարող լինել նրա լիազորությունների ավարտի մասին: Ակնհայտ է, որ կարող են ավարտվել միայն այն պաշտոնատար անձի լիազորությունները, ով արդեն պաշտոնավարում է, և, հետևաբար 211-րդ հոդվածում խոսքը արդեն իսկ պաշտոնավարող Հանրապետության նախագահի մասին է: Այլ կերպ ասած, 211-րդ հոդվածը հստակորեն սահմանում է, որ Ազգային ժողովի կողմից ընտրվող Հանրապետության նախագահի առաջին ընտրությունն անցկացվում է ներկայումս պաշտոնավարող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ:

–Պարո՛ն Պողոսյան, 211-րդ հոդվածի մեկնաբանման լույսի ներքո կարո՞ղ ենք ասել, որ  որևէ հիմք չունի Նախագահի ընտրության կարգի փոփոխություններին վերաբերող առաջ քաշվող այն «փաստարկը», որ Սահմանադրության 125-րդ հոդվածը ուժի մեջ չէ, քանի որ ուժի մեջ  մտած չէ 2015թ.-ի փոփոխություններով Սահմանադրության 5-րդ գլուխը:

- Իսկապես, 2015թ.-ի փոփոխություններով Սահմանադրության 209-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, ի թիվս այլ հոդվածների և գլուխների, Սահմանադրության 5-րդ գլուխը ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, իսկ «մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները»: Այսինքն, առանձին-առանձին վերցված, 209-րդ հոդվածի 6-րդ մասի և 211-րդ հոդվածի դրույթները միմյանց չեն համապատասխանում: Նման իրավիճակները բնականոն և լայնորեն տարածված են իրավունքում, և արտացոլում են ընդհանուր և հատուկ նորմերի հարաբերակցությունը: Որպես իրավաբանական մեկնաբանման կանոն այստեղ վաղուց, դեռ Հին Հռոմի ժամանակներից գործում է lex specialis derogat legi generali կանոնը, այսինքն՝ հատուկ նորմը սահմանափակում, մասամբ կամ ամբողջությամբ վերացնում է ընդհանուր նորմը, հատուկ նորմը գերակա է ընդհանուր նորմի նկատմամբ: Մեր պարագայում 211-րդ հոդվածը lex specialis է 209 հոդվածի 6-րդ մասի նկատմամբ և սահմանում է, որ Սահմանադրության 125-րդ հոդվածով սահմանված ընտրության կարգը գործում է նոր ընտրվելիք Հանրապետության նախագահի համար: Կարճ՝ Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը պետք է ընտրվի Ազգային ժողովի կողմից:

-Արդյոք սահմանադրությամբ նախատեսված ցենզերը (նստակեցություն, քաղաքացիություն, տարիք), որոնք սահմանված են Սահմանադրության 124-րդ հոդվածում, ուժի մեջ ե՞ն և տարածվելու են ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի վրա:

-124-րդ հոդվածի պահանջները վերաբերում են նորընտիր Հանրապետության նախագահին, այսինքն` այն նախագահին, որի ընտրությունը պետք է անցկացվի Ազգային ժողովի կողմից: 209 հոդվածի 6-րդ մասը պահանջում է, որ 5-րդ գլխի բոլոր դրույթները նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը ուժի մեջ լինեն: Այս նորմից ուղղակիորեն բխում է, որ առաջադրվելիք Հանրապետության նախագահի թեկնածուն պետք է համապատասխանի Սահմանադրության 124-րդ հոդվածում սահմանված բոլոր պահանջներին: Ի կատարում Սահմանադրության այդ պահանջի, Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ նախադասությունը սահմանում է, որ Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի գրավոր դիմումին կցվեն Սահմանադրությամբ սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը: Հակառակ պարագայում, ըստ այդ նույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ նախադասության, Ազգային ժողովի նախագահը պարտավոր է դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնել պատգամավորների ներկայացուցչին՝ նշելով պատճառների մասին:

-Պարո՛ն Պողոսյան,  կխնդրեի հստակեցնեիք,  ի՞նչ ժամկետներում և ի՞նչ կարգով է ընտրվելու Հանրապետության նախագահը։

-Ազգային ժողովի Կանոնակարգ սահմանադրական օրենքի 139 հոդվածի 2-րդ մասի համաձայն Հանրապետության նախագահի թեկնածուները կարող են առաջադրվել Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան հիսուն օր, և ոչ ուշ, քան քառասուն օր առաջ՝ փետրվարի 18-ից փետրվարի 28-ը:

Սահմանադրության 211-րդ հոդվածի համաձայն Հանրապետության նախագահի առաջին ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ, այսինքն` 2018 թ. փետրվարի 28-ից մինչև մարտի 10-ը ընկած ժամանակահատվածում:

Ազգային ժողովի Կանոնակարգ սահմանադրական օրենքի արդեն իսկ մատնանշված 139-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն Հանրապետության նախագահի թեկնածուն առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն «թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս Հանրապետության նախագահի թեկնածուների, ինչպես նաև ընտրության անցկացման օրվա և ժամի մասին հայտարարությամբ»: Նույն հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ  Հանրապետության նախագահի ընտրության հարցը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների ապահովման դեպքում քննարկվում է թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, իսկ այդ ժամկետներում Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելու դեպքում՝ իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:

Առաջադրման ժամկետը ավարտվում է 2018 թ. փետրվարի 28-ին, ժամը 18:00-ին: ԱԺ նախագահը մինչև մարտի 1-ի ժամը 18:00-ն պետք է հանդես գա Հանրապետության նախագահի թեկնածուների, ինչպես նաև ընտրության անցկացման օրվա և ժամի մասին հայտարարությամբ:

-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԺ հերթական քառօրյա նիստերը այդ ժամանակահատվածում լինելու են փետրվարի 27-ից մարտի 2-ը, Հանրապետության Նախագահի ընտրությունները կարո՞ղ են տեղի ունենալ հենց մարտի 2-ին:

 

-Այո՛, և  Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, որը պետք է գումարվի գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտման օրը՝ ապրիլի 9-ին: Հանրապետության Նախագահի ընտրության հարցի քննարկման կարգը սահմանված է ԱԺ կանոնակարգով սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածում:

Մինչև տասնհինգական րոպե տևողությամբ ելույթներով՝ ըստ թեկնածուների ազգանվան այբբենական հաջորդականության, հանդես են գալիս Հանրապետության նախագահի թեկնածուներին ներկայացնելու իրավասություն ունեցող անձինք:

-Պարո՛ն Պողոսյան, սահմանված կարգով պատգամավորները Հանրապետության նախագահի թեկնածուներին կարո՞ղ են դիմել հարցադրումներով իրենց ելույթներից հետո:

-Այո՛, Հանրապետության նախագահի յուրաքանչյուր թեկնածուին ներկայացնելուց հետո՝ մինչև մեկ ժամ տևողությամբ ելույթով հանդես է գալիս Հանրապետության նախագահի համապատասխան թեկնածուն, որին սահմանված կարգով կարող են տրվել հարցեր:

Դրանից հետո տեղի է ունենում մտքերի փոխանակություն, որն իրականացվում է հետևյալ կարգով՝

1)   հերթագրված պատգամավորների և հրավիրված անձանց՝ մինչև տասական րոպե տևողությամբ ելույթներ: Հրավիրված անձանց ելույթի իրավունք կարող է տրվել նիստը նախագահողի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ՝ Խորհրդի որոշմամբ.

2)  սահմանված կարգով հայտ ներկայացրած խմբակցությունների ներկայացուցիչների մինչև տասական րոպե տևողությամբ ելույթներ.

3)  մինչև տասական րոպե տևողությամբ արտահերթ ելույթի իրավունք ունեն Ազգային ժողովի նախագահը կամ նիստը նախագահողը, իսկ մինչև քվեարկությունը՝ միայն վարչապետը կամ նրա հանձնարարությամբ՝ փոխվարչապետներից մեկը.

Մինչև երեսնական րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթներով նույն հաջորդականությամբ հանդես են գալիս թեկնածուները:

1.    Ազգային ժողովի նիստը նախագահողը ձայնը տալիս է հաշվիչ հանձնախմբի նախագահին, ով Ազգային ժողովի նիստում հայտարարում է գաղտնի քվեարկության անցկացման ժամի, տեղի և կարգի մասին:

2.    Քվեարկության արդյունքներն ամփոփվելուց հետո՝ Ազգային ժողովի նիստը նախագահողը ձայնը տալիս է հաշվիչ հանձնախմբի նախագահին, ով Ազգային ժողովի նիստում ներկայացնում է քվեարկության արդյունքները, որի հիման վրա նիստը նախագահողը հայտարարում է Հանրապետության նախագահի թեկնածուի ընտրության կամ չընտրվելու մասին:

-Պարո՛ն Պողոսյան,  նախագահ պետք է ընտրվի այն թեկնածուն, որը կստանա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե առաջին փուլով չի կայանում նախագահի ընտրությունը, ի՞նչ է նախատեսված այս սցենարի դեպքում՝ երկրորդ փուլի անցկացու՞մ:

-Այո՛, Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Սահմանադրության 211-րդ հոդվածի 2-րդ նախադասության համաձայն Հանրապետության նախագահ է ընտրվում առավել ձայներ ստացած թեկնածուն: Այս դրույթի իմաստը, ի դեպ նրանում է, որպեսզի ապահովվի Հանրապետության նախագահի ընտրությունը, քանի որ Սահմանադրության անցումային բազմաթիվ դրույթների, սահմանադրական և այլ օրենքների (հոդված 210 մաս 3, հոդված 210 մաս 5) ուժի մեջ մտնելու նախապայմանը նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնումն է: