Իսպանիայի թագավորն անկախության հանրաքվեից հետո առաջին անգամ կայցելի Կատալոնիա

23:34 • 18.02.18

Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը փետրվարի 25-ին կայցելի Կատալոնիա: Ինչպես հայտնում է El Español-ը, միապետը մտադիր է մասնակցել Բարսելոնայում անցկացվող Mobile World Congress ամենամյա համաժողովի ընթրիքին: 

Հաղորդվում է, որ Ֆելիպե VI-ը վերջին անգամ Կատալոնիա էր այցելել 2017-ի օգոստոսի 27-ին՝ Բարսելոնայում և Կամբրիլսում ահաբեկչական հարձակման զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը: Վերջինս տարածաշրջան չէր այցելել անգամ անկախության հանրաքվեի անցկացման օրերին և դրանից հետո:

Հիշեցնենք, որ անկախության մասին հանրաքվեն կատալոնացիներն անցկացրել են հոկտեմբերի 1-ին, որի արդյունքով անկախանալուն կողմ էր քվեարկել բնակչության 90.18 տոկոսը: Իսպանիայի կառավարությունը չի ճանաչել Կատալոնիայի կողմից անկախության հռչակումը: 

Իսպանիայի էկոնոմիկայի նախարար Լուիս դե Գինդոսը անկախության հանրաքվեի պատճառով ստեղծված ճգնաժամից ստացված կորուստը գնահատել էր մոտ մեկ մլրդ եվրո: