Յակուտիայի օդերևութաբանները կոչ են արել Դի Կապրիոյի հիմնադրամին չվախենալ անոմալ սառնամանիքից՝ -62 աստիճան ցրտից
Յակուտիայի օդերևութաբանները կոչ են արել հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի հիմնադրամին հանգիստ վերաբերվել տարածաշրջանում կլիմայական փոփոխություններին՝ նշելով, որ այդ վայրի համար -60 աստիճան ցուրտը նորմալ է: Այս մասին «РИА Новости»-ին հայտնել է Յակուտիայի Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի կանխատեսման բաժնի ղեկավար Ալեքսանդր Արժակովը:
Ավելի վաղ Լեոնարդո Դի Կապրիոյի հիմնադրամի Instagram-ի էջում գրառում է հրապարակվել, որը նվիրված է եղել Երկիր մոլորակի վրա ամենացուրտ բնակավայրին՝ Յակուտիայի Օյմյակոն գյուղին: Գրառման մեջ ասվում է, որ վերջերս գյուղում արձանագրվել է ռեկորդայինին մոտ օդի ջերմաստիճան՝ մինչև -62 աստիճան ցուրտ:
«Տեղացիները պնդում են, որ այսպիսի սառնամանիք չի եղել արդեն 15 տարի: Կլիմայի փոփոխությունն իրական սպառնալիք է մարդկանց կյանքի և հասարակության կենցաղակերպի համար», - նշվում է հիմնադրամի գրառման մեջ:
Արժակովի խոսքով՝ Յակուտիայի օդերևութաբանները կիսում են Դի Կապրիոյի մտահոգությունը տարածաշրջանում կլիմայական փոփոխությունների վերաբերյալ, սակայն նշում են, որ այստեղ վերջին տասնամյակներում ավելի տաք ձմեռներ են լինում:










