Էթիկայի հանձնաժողովը ստացել և ուսումնասիրում է քաղաքացու դիմումն ընդդեմ Վիգեն Սարգսյանի՝ «բոշան դու ես» արտահայտության համար. Ս.Սահակյան

15:30 • 19.02.18

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ստացել է քաղաքացի Պետրոս Սարգսյանի դիմումն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում   ասաց «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց  էթիկայի հանձնաժողովի» նախագահ Սիրանուշ Սահակյանը:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Վիգեն Սարգսյանի՝ վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժօգնության համար արված ֆեյսբուքյան հայտարարությանը, որի ներքո  օգտատերերից մեկը թողել էր հետևյալ մեկնաբանությունը. «1000 դրամները պրծան, թե թազա բոշության ձև է», ի պատասխան՝ Վիգեն Սարգսյանը նշել էր. «Բոշան դու ես»:

Որոշ ժամանակ անց նախարարը հեռացրել էր և՛ օգտատիրոջ, և՛ իր մեկնաբանությունը: 

«Դիմումը ենթակա է ուսումնասիրության, ուսումնասիրության արդյունքներից հետո կկայացվի որոշում, որի առնչությամբ բոլոր դեպքերում տեղեկություն տարածելու ենք. թե' դիմումատուին ենք պատասխանելու գրավոր, և թե՛ վարույթային գործընթացների առնչությամբ հրապարակայնացում ենք ապահովելու»,- ասաց Սահակյանը:

Ուսումնասիրության ժամկետների ավարտի վերաբերյալ Սահակյանը նշեց, որ դա կախված կլինի ուսումնասիրության ընթացքից, ժամկետային սահմանափակումներ չկան:

«Ժամկետային սահմանափակումներ այս պահին չկան: Կախված է այն բանից, թե ինչքան կտևի ուսումնասիրությունը, ինչ փաստեր են ուշադրության արժանի, և դրանք պարզելու համար որքան ժամանակ կպահանջվի»,- ասաց նա:

Սիրանուշ Սահակյանը նշեց, որ մինչև ուսումնասիրությունը  չավարտվի , այլ տվյալներ չեն կարող տրամադրվել:

Պետրոս Սարգսյանի և Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան մեկնաբանությունների այդ հատվածը ներկայացնում ենք ստորև։ 

 

Էթիկայի հանձնաժողովը ստացել և ուսումնասիրում է քաղաքացու դիմումն ընդդեմ Վիգեն Սարգսյանի՝ «բոշան դու ես» արտահայտության համար. Ս.Սահակյան