Բրիտանացին իր տան պարտեզում կատվային շնաձուկ է հայտնաբերել
Բրիտանական Քենթ կոմսության բնակիչն իր տան պարտեզում կատվային շնաձուկ է հայտնաբերել, գրում է Mirror-ը։
Ինչպես լրատվամիջոցին պատմել է Ջեյմս Հիլը, նա խոհանոցում սուրճ եփելիս է եղել, երբ նրա ապշահար հայրը հայտնել է, որ հետնաբակում կատվային շնաձուկ կա։ Նրանց կարծիքով՝ գիշատիչ ձուկը կարող էր հայտնված լինել պարտեզում ճայի կամ ձկնկուլի պատճառով. թռչունները, հավանաբար, չեն կարողացել պահել որսը և գցել են ցած։
Տղամարդը նշել է, որ մոտ 60 սմ երկարությամբ շնաձուկը հայտնաբերման պահին արդեն սատկած է եղել։
Կատվային շնաձկները մարդկանց համար վտանգ չեն ներկայացնում և հիմնականում ապրում են Ատլանտյան օվկիանոսի ջրերում, ինչպես նաև Միջերկրական, Մարմարա և Սև ծովերում։










