Մադուրոն ժողովրդին է դիմել խուլուհամրերի ժեստերի լեզվով

13:19 • 19.02.18

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ու երկրի բարձրաստիճան պաշտոնյաները փետրվարի 18-ին դիմել են ժողովրդին՝ օգտագործելով ժեստերի լեզուն, գրում է ria.ru-ն:

Մադուրոն արտասովոր ուղերձի մասին նախապես տեղեկացրել էր իր թվիթերյան միկրոբլոգում՝ կոչ անելով բնակչությանը շատ ուշադիր հետևել կիրակի երեկոյան սպասվող ուղերձին: Դրանից հետո սոցցանցի օգտատերերը սկսել են ոգևորված քննարկել, թե ինչ է Մադուրոն պատրաստվում ասել՝ չբացառելով նույնիսկ հրաժարականի մասին հայտարարությունը:

Արդյունքում հեռարձակվել է տեսաուղերձ, որին մասնակցել են Մադուրոն, նրա կինը, փոխնախագահը, կապի ու հաղորդակցության նախարարը, Ազգային հիմնադիր ժողովի ղեկավարը: Նրանք ուղերձը կիսել են մի քանի մասի, ինչից հետո ամեն մեկն իր ասելիքը փոխանցել է խուլուհամրերի համար նախատեսված ժեստերի լեզվով:

Դրան զուգահեռ ցուցադրվել են իսպաներենով ենթագրերը:

«Ես նախագահ Նիկոլաս Մադուրոն եմ: Ողջույն բոլորին: Մենք խաղաղություն, միասնություն ենք ցանկանում: Մենք բոլորի համար միասնական Վենեսուելա ենք ցանկանում: Շատերը չեն ցանկանում մեզ լսել, բայց մենք շարունակելու ենք խոսել: Մենք ձեզ հետ հանգիստ ու հարգանքով ենք խոսում: Դուք մեզ պետք եք՝ երիտասարդնե՛ր, կանա՛յք, մեծահասակնե՛ր, երեխանե՛ր, տարեցնե՛ր: Մենք հզոր առաջնորդ ունենք, և ես նրան լավ եմ ճանաչում: Միասին լինելու դեպքում ամեն ինչ հնարավոր է»,-ասվել է ուղերձի տեքստում: