Սիրիական Ղամիշլիում ահաբեկչական պայթյունի հետևանքով մահացել է 5 մարդ, 7 մարդ վիրավոր է

10:23 • 19.02.18

Սիրիայի Ղամիշլի քաղաքում նախօրեին որոտացած ահաբեկչական պայթյունի հետևանքով մահացել է 5 մարդ, վիրավորվել` 7-ը, այս մասին հայտնում է Հալեպի հայկական պարբերականներից «Գանձասար»-ը:

Հայտնի է, որ պայթյունը տեղի է ունեցել Ղամիշլիի արևմուտքում: Ահաբեկիչները հարձակումն իրականացրել են ականապատ մեքենայի պայթեցման միջոցով: Դեռևս որևէ ահաբեկչական խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:

Նշվում է, որ հիվանդանոց տեղափոխված տուժածներից ոմանք գտնվում են ծանր վիճակում:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ Ղամիշլիում է գտնվում Հալեպից հետո Սիրիայում երկրորդ ամենախոշոր հայկական համայնքը: